Իրավաբանական օգնություն փաստաթղթերի վերականգնման կարիք ունեցող արցախցիներին

Մայիսի 7-ին Հայաստանում փախստականների իրավական կրթության արշավի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության Գյումրու տարածքային մասնաճյուղի գրասենյակում տեղի ունեցավ բռնի տեղահանված արցախցիների հանդիպումը կազմակերպության իրավաբանների հետ։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Գյումրիում բնակություն հաստատած շուրջ 40 արցախցիներ:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին հայերը ստիպված եղան լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում՝ դառնալով բռնի տեղահանվածներ։ Այս ողբերգական իրադարձությունների արդյունքում շատ ընտանիքներ բախվեցին իրավական բարդ խնդիրների, որոնցից մեկը փաստաթղթերի կորուստն էր: Այս հարցը մտահոգության առիթ է դարձել բռնի տեղահանված արցախցիներից շատերի համար։
Կազմակերպության իրավաբանները մանրամասն խորհրդատվություն են տրամադրել կորած կամ Արցախում թողնված ծննդյան վկայականների և այլ կարևոր փաստաթղթերի վերականգնման վերաբերյալ: Իրավաբանները նշել են մի շարք իրավական խնդիրներ, որոնք առաջանում են ծննդյան վկայականների բացակայության պատճառով։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունն իրականացնում է արցախցիներին ծննդյան վկայականների վերականգնման գործում անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու ծրագիր: Նրանք նշել են, որ ծննդյան վկայականի վերականգնումը լիարժեք իրավական պաշտպանություն ստանալու առաջին քայլն է: Իրավաբանները պատրաստակամություն են հայտնել իրավաբանական օգնություն ցուցաբերել փաստաթղթերի վերականգնման կարիք ունեցողներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղահանված անձանց սոցիալական պաշտպանության և աջակցության հարցերը: Նշվել է, որ Արցախից տեղահանվածների շրջանում անհանգստության մեծ ալիք է բարձրանում սոցիալական ծրագրերի զգալի կրճատման պատճառով: Արցախցիները նշել են, որ շատ ընտանիքներ կհայտնվեն էլ ավելի ծանր վիճակում՝ չկարողանալով վճարել վարձակալության ու կոմունալ վճարները:
Հիշեցնենք, որ ապրիլից Հայաստանի կառավարությունը կրճատում է 40+10 հազար ծրագիրը, որը նախատեսում է յուրաքանչյուր փախստականի բնակարանի վարձակալության եւ կոմունալ վճարումների համար գումարի հատկացում: Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում աջակցության գումարը կնվազի մինչև 40 հազար դրամ, իսկ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ մինչև 30 հազար դրամ: Սակայն, ի տարբերություն գործող ծրագրի, այդ օգնությունից կարող է օգտվել միայն փախստականների սահմանափակ շրջանակը՝ անչափահասներ, բուհերի ուսանողներ, 63 տարեկանից բարձր, կերակրողին կորցրած քաղաքացիներ և 1-ին,2-րդ կարգի խմբերի հաշմանդամներ:
Հանդիպմանը արցախցիները հայտարարել են, որ մտահոգված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալիս բնակության վայրի «Ադրբեջան» նշումով: Նրանց կարծիքով՝ դա կարող է նախադեպ ստեղծել, որը կասկածի տակ կդնի իրենց կապը պատմական հայրենիքի հետ։
Իրավաբանները տրամադրել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ՝ հենվելով ՀՀ գործող օրենսդրության և միջազգային նորմերի վրա: Նրանք ընդգծել են, որ ծննդավայրի գրառումն արտացոլում է միայն դիմողի ծնվելու փաստացի վայրը. դա ձևականություն է, որն անհրաժեշտ է գործող իրավական նորմերի պահպանման եւ հայ հասարակության մեջ տեղահանվածների ինտեգրման գործընթացը դյուրացնելու համար: Նրանք նաև ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը չի ազդի սոցիալական աջակցության տրամադրման վրա:
Իրավաբանները հույս են հայտնել, որ հանդիպման ընթացքում տրված խորհրդատվությամբ կօգնեն արցախցիներին լուծել բազմաթիվ խնդիրներ և հարմարվել կյանքի նոր պայմաններին։
Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և իրավաբաններին տեղեկատվության և աջակցության համար:
Զաբելա Ավագյան