«Ոչ միայն վերջին լուման հետ չբերեցին նախկիններից, այլև իրենց մեծ մասն է ապօրինի հարստանում» | Region

«Ոչ միայն վերջին լուման հետ չբերեցին նախկիններից, այլև իրենց մեծ մասն է ապօրինի հարստանում»

Փետրվար 14,2024 11:17

Չնայած կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներին՝ Հայաստանը դիրքերը չի բարելավում կոռուպցիայի ընկալման համաթվում,- հայտարարեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը. «Այն երկրները, որոնք 50-րդ տեղից ցածր են, այդ երկրներում համակարգային կոռուպցիա է, մեր երկիրը հիմա 47-րդ տեղում է, նախորդ տարի եղել է 46-րդ տեղում»:

Իշխանափոխությունից հետո, Արիստակեսյանի խոսքով, բարձրացան հանրային աշխատողների աշխատավարձերը՝ հիմնավորմամբ, որ որակյալ մասնագետները չգնան մասնավոր ոլորտներ, բայց մասնագետի խոսքով, հարց է առաջանում՝ որքանով են պրոդուկտիվ այդ մասնագետները:

«Ես մի դիտարկում եմ արել՝ կառավարության անդամների 80 տոկոսը չունի տվյալ ոլորտը համակարգելուն համապատասխան կրթություն, երբևէ չի աշխատել այն ոլորտում, որը համակարգում է, ավելին, չեն անցել որակավորման բարձրացման կուրսեր, այդ թվում՝ կառավարման ոլորտում: Ստացվում է՝ աշխատավարձերի բարձրացումը ինքնանպատակ է, նպաստում է իշխող խմբակի  արագ հարստացմանը: Իսկ կոռուպցիան արմատախիլ անելու կառավարության կամքը շղարշային է: Իշխող կուսակցությունը ժողովրդին խոստացավ, որ պետք է պայքարի, մինչև վերջին լուման հետ բերի նախկիններից, բայց ոչ միայն նախկիններից չեն բերում, այլ իրենց մեծամասնությունն է ապօրինի հարստանում»,-նշեց Արիստակեսյանը:

Նորություններ