Գյումրու ավագանու այսօրվա նիստում ՔՊ-ն 13 հարցերից 12-ին կողմ է քվեարկել

Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված գրեթե բոլորի հարցերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկել։ 13 հարցից միայն 1-ի դեպքում՝ Գյումրու նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքի վաճառքի մասին հարցին խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց։
Հիշեցնենք, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի օրոք այս շենքը վաճառքի էր հանվել։ Նիստը վարող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս հարցի վերաբերյալ ասաց, որ շենքը պետք է վերականգնվի և որպես հիվանդանոց ծառայի քաղաքին։ Նրա խոսքով՝ քաղաքը պիտի ունենա 2-րդ, 3-րդ հիվանդանոց, և ոչ թե միայն մեկը։ Ու եթե կա կազմակերպություն, որը կցանկանա այդ շենքում հիվանդանոց հիմնել, ապա իրենք կողջունեն։
Նշվեց, որ նախկինում շենքի մի հատվածը բժիշկ Աշոտ Կուրղինյանն էր վարձակալել, որոշակի ներդրումներ կատարել, բայց նրա ձեռքից կառույցը վերցրել էին, այն վաճառքի հանելու նպատակով։ Հիվանդանոցի հսկայական շենքը փակ է արդեն 2 տարի։
Ավագանին այսօր որոշեց, որ շենքը չի վաճառվի, կթողնվի համայնքին, կսպասեն ներդրողների։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանն այս հարցի զեկուցման ժամանակ նշեց, որ իրենք ողջունում են համայնքապետի որոշ գույքեր համայնքին վերադարձնելու քայլը և առաջարկեց, որ Վարդան Ղուկասյանն էլ վերադարձնի օրինակ` Գյումրու դատարանի նախկին շենքը, Կենտրոնական զբոսայգու այն 5 հողակտորները, որոնք օտարվել են և դարձել իր ընտանիքի սեփականությունը:
Այս հարցին Վարդան Ղուկասյանի պատասխանը ՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, մոտ 223 մլն դրամ:
Ի դեպ, ինչպես այս հարցը, այնպես էլ քաղաքաշինությանն առնչվող մյուս հարցերը զեկուցում էր Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, որին, ինչպես Վարդան Ղուկասյանն էր խոստացել քաղաքապետ ընտրվելուց հետո, հենց առաջինը պիտի ազատեր աշխատանքից։ Դահլիճից հնչած այն հարցին, թե ինչո՞ւ Գասպարյանին չի ազատել, քաղաքապետը պատասխանեց, թե հիմնական գործերը նրա ձեռքից վերցրել են, թողել են միայն մասնագիտականը։
Գյումրին 6 ամիս քաղաքապետ չի ունեցել, ինչի պատճառով սուբվենցիոն ծրագրերի համար հայտ ներկայացնել չեն կարողացել։ Կառավարությունը հայտեր ներկայացնելու համար մինչև մայիսի 25-ն է ժամկետ տվել։ Այսօրվա նիստի ժամանակ նշվեց, որ 18 փողոցների հիմնանորոգում է կատարվելու Գյումրիում սուբվենցիոն ծրագրերով, ընդհանուրը 2 մլրդ 251 մլն դրամ արժեքով։ Գումարի 55 տոկոսը, այսինքն 1 մլրդ 260 մլն դրամը հատկացվելու է համայնքային բյուջեից, իսկ 45 տոկոսը՝ մոտ 1 մլրդ դրամ, պետական բյուջեի համաֆինանսավորումն է լինելու։ Հիմնանորոգվող փողոցների ցանկում փոքր թիվ են կազմում ամբողջական փողոցները, հիմնականում դրանք առանձին հատվածներ են՝ Երևանյան խճուղում, Կամոյի, Ղուկասյանի, Մյասնիկյանի, Կարեն Դեմիրճյանի, Բելինսկու և այլ փողոցներում, ընդհանուրը 6 կմ։
ՔՊ-ական ավագանու անդամ Սարիկ Մինասյանն առաջարկեց, որ ավագանու անդամներից հանձնաժողով կազմեն ու վերահսկեն փողոցաշինության ընթացքը, որպեսզի նախկինում արված անորակ շինարարությունը չշարունակվի։ Ըստ նրա, շինարարներին պետք է հասկացնել, որ սրտացավությամբ գործին մոտենան ու աշխատեն ի շահ գյումրեցիների։
Վարդան Ղուկասյանը կողմ է այս առաջարկին, նշեց, որ խայտառակ լուծում է փողոցաշինության ժամանակ 1 տարի երաշխիքային ժամկետ սահմանելը։ Իր նախորդ պաշտոնավարման ժամանակ, դա 3 տարի էր։ Փոխելու են պայմանագրերը և 3 տարի են դարձնելու երաշխիքային ժամկետները։
ՔՊ-ական ավագանու անդամ Նարեկ Բեգզադյանը նշեց, որ անցած տարիներին՝ «Բալասանյան դաշինքի» իշխանության ժամանակ սուբվենցիոն ծրագրով, 800 մլն դրամով արևային կայաններ են ձեռք բերվել ու տեղադրվել համայնքային ենթակայության հաստատությունների տանիքներին՝ էներգիա տնտեսելու նպատակով։ Բայց, ըստ ավագանու անդամի, իր ուսումնասիրությունը պարզել է, որ դրանց մի մասը նախատեսված հզորության միայն 30 տոկոսի չափով է աշխատում, որոշներն ընդհանրապես չեն աշխատում, ուղղակի հարմարեցվել են շենքերի տանիքներին։ Առաջարկեց ուսումնասիրել ու հասկանալ, թե ովքեր են այդ ձեռնարկի հեղինակները, ինչ գումարներ են փոշիացվել։
Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ իրենք խնդիրը խորքային են ուսումնասիրելու, մասնագետ են հրավիրելու, որպեսզի հաշվարկներ անեն և պարզեն՝ ինչն ինչոց է։ Առաջարկեցին անկախ աուդիտի հրավիրել, Ղուկասյանը պատասխանեց, որ առայժմ իրենց ուժերով են փորձում հասկանալ, եթե տեսնեն չի ստացվում, ապա անկախ աուդիտ կհրավիրեն։
Վարդան Ղուկասյանը նաև հայտնեց, որ Գյումրու «Կինո Հոկտեմբերի» շենքի վաճառքի հանելու փաստաթղթերն է վերցրել, ասաց՝ եթե շենքը վաճառվելու է, ապա ձեռնամուխ կլինեն, որ այն ծառայի որպես կինոթատրոն, այլ նպատակի համար վաճառք չի լինելու։
Ավագանին ընդունեց նաև մասնակցային բյուջետավորման ծրագրով Գյումրիում շների ապաստարան կառուցելու մասին որոշում։ Հիշեցնենք, մասնակցային բյուջետավորումը նոր նախաձեռնություն է, տեղական և պետական բյուջեների համաֆինանսավորմամբ իրականացվում է բնակիչների նախընտրած ծրագրերը։ Ասացին, որ գյումրեցիներն ընտրություն արդեն արել են, ներկայացված 4 ծրագրերից ընտրել են շներին կացարանով ապահովելը։ Կառավարությունը այս նպատակին հատկացնելու է 81 մլն 452 հազար դրամ, այսինքն ծախսերի 80 տոկոսը, 16 մլն դրամ էլ համայնքային բյուջեից է տրամադրվելու։
Կարինե Կազարովա