Արամ Շահնազարյան. Ադրբեջանի մասնակցությունն Իրանի դեմ Իսրայելի գործողություններին՝ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար

«Հրադադարի հաստատումից հետո Իրանում կյանքը վերադառնում է բնականոն հունին, մարդիկ սկսում են ապրել նախապատերազմյան շրջանի կյանքով։ Իհարկե, դեռևս կան մտահոգություններ, քանի որ հրադադարը փխրուն է և հարաբերական»,-այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասում է Թեհրանում լույս տեսնող հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը՝ մեկնաբանելով Իրան-Իսրայել 12-օրյա ռազմական գործողություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը։
Շահնազարյանի խոսքով՝ Թեհրանում ավերածությունները շատ մեծ չեն, ի տարբերություն Իսրայելում տեղի ունեցածի, մասնավորապես՝ Թել Ավիվում և Հայֆայում։
Նրա ներկայացմամբ՝Թեհրանը մեծ քաղաք է, մեգապոլիս և համեմատելի չէ Իսրայելի որևէ քաղաքի հետ. դրանց համադրությունը մեկ վայրում անհամաչափ է Թեհրանի հետ։ Թեհրանում վնասվել է մոտ երեք հազար շենք, որոնցից միայն 100-ն է ամբողջությամբ ավերվել, մոտ 500-ը այլևս պիտանի չեն հանրային օգտագործման համար։
Իսրայելական հարվածներից վնասվել է նաև հայկական «Ալիք» թերթի խմբագրությունը։ Պայթյունը, ինչպես նշում է խմբագիրը, տեղի է ունեցել խմբագրությունից մի քանի շենք հեռու գտնվող տարածքում։
«Այնուամենայնիվ, պատերազմի ժամանակ գոյություն ունեցող իրանական հասարակական ոգու ուժը, անշուշտ, այսօր էլ պահպանվել է։ Ազգային ոգին իր գագաթնակետին է։ Բայց, իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի մտահոգված է և չի կարող անտարբեր լինել պատերազմի հեռանկարի նկատմամբ»,-ասում է գլխավոր խմբագիրը։
«Ակնհայտ է, որ հրադադարը չափազանց հարաբերական է և փխրուն։ Անկասկած, Իսրայելը և Միացյալ Նահանգները չկարողացան հասնել իրենց նպատակներին», – նշում է Շահնազարյանն, ընգծելով՝ եթե հաշվի չառնենք ռազմական ենթակառուցվածքներին հասցրած մասնակի վնասները, մասնավորապես՝ Իրանի ՀՕՊ համակարգի, ապա ուրիշ ոչինչ չի հաջողվել իրականացնել։
«Իրանը դեռևս պահպանում է իր հրթիռային ներուժը, որը կարևոր գործոն դարձավ այս պատերազմում իրադարձությունների ընթացքը փոխելու և թշնամուն հրադադար պարտադրելու գործում։ Եթե չլինեին այն հզոր և ավերիչ հարվածները, որոնք Իրանը հասցրեց Իսրայելի քաղաքներին, ռազմական և տնտեսական ենթակառուցվածքներին, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չէին ձգտի հրադադարի։ Այսպիսով, իրավիճակը փխրուն է», – նշում է նա։
Խոսելով հակամարտության հնարավոր սրման մասին՝ գլխավոր խմբագիրը նկատում է՝ակնհայտ է, որ Իսրայելը շատ արագ է վերազինվում՝ փորձելով հնարավորինս արագ վերականգնել իր զինանոցի կորուստները․«Սա նշանակում է, որ նրանք պատրաստվում են պատերազմի երկրորդ փուլին: Իրանցի փորձագետները, ինչպես նաև կառավարության պաշտոնյաները ենթադրում են, որ պատերազմի երկրորդ փուլի հավանականությունը շատ բարձր է, ուստի կարելի է ենթադրել, որ տեսանելի ապագայում մենք կարող ենք ականատես լինել պատերազմի երկրորդ փուլին»:
Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածին, որ Իսրայելը Իրանին հարվածել է օգտագործելով նաև https://regionstv.am/25381.html Ադրբեջանի օդային տարածքը, ապա այս առնչությամբ Արամ Շահնազարյանը նշում է՝ դա միանշանակ է, և արդեն իսկ կան հստակ նյութական ապացույցներ, որ Ադրբեջանն անմիջականորեն ներգրավված է եղել այդ գործողություններում:
Նրա կարծիքով՝ եթե դա տեղի չունենար, իրանցի պաշտոնյաները՝ ի դեմս նախագահ https://regionstv.am/25532.html Փեզեշքիանի, արտաքին գործերի նախարարի և մյուս բոլոր կառավարության պաշտոնյաների, չէին խոսի այս մասին և ուղղակի ակնարկներ չէին անի։
«Պատերազմից առաջ փորձագիտական շրջանակները զգուշացնում էին Ադրբեջանից Իրանին սպառնացող վտանգի մասին, թե որքանով է Ադրբեջանը ներգրավված Իսրայելի դավադրություններում և սադրանքներում Իրանի դեմ: Նրանք ակնարկել էին, որ հնարավոր պատերազմի դեպքում պաշտոնական Բաքուն այս կամ այն կերպ կներգրավվի դրանում։ Այս պատերազմը ցույց տվեց, որ այս ամենը իրականություն է։ Իրանը շատ լուրջ նախազգուշացում է արել Ադրբեջանին և չի պատրաստվում հանդուրժել այս ամենը, սա պարզ է»,-ասում է Արամ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մասնակցությունը Իսրայելի գործողություններին լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Նա նաև նշում է, որ Իրանը՝ որպես տարածաշրջանի հիմնական խաղացող, չի կարող անտեսել նման գործողությունները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը։
Արամ Շահնազարյանի խոսքով՝ Թեհրանը միջնորդների միջոցով տեղեկատվություն է ստացել ԱՄՆ-ի՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու ցանկության մասին։ Սակայն, Իրանի արտաքին գործերի նախարարը պատասխանել է, որ դրա համար ԱՄՆ-ն պետք է երաշխավորի, որ ապագայում չի հարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Նման պայմաններում, երբ ԱՄՆ-ն, բանակցությունների քողի տակ, խախտել է բոլոր պայմանավորվածությունները, գաղտնի պատրաստվել է հարվածել Իրանին, գիտեր Իսրայելի ագրեսիայի մասին և ոչ միայն աջակցել է նրան, այլև դարձել է դրա անմիջական մասնակից, Իրանը տրամաբանական չի համարում բանակցությունների վերսկսումը։
Շահնազարյանը ընդգծում է, որ կառուցողական երկխոսությունը վերսկսելու համար անհրաժեշտ են ԱՄՆ-ի կողմից անվտանգության և կայունության երաշխիքներ։ Հակառակ դեպքում, ցանկացած բանակցություն Իրանի կողմից կընկալվի որպես նոր ագրեսիային պատրաստվելու ժամանակ շահելու փորձ։
«Խաղաղության բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ նախապայմաններ չկան, բայց արտգործնախարարը շատ կարևոր կետ նշեց՝ Իրանը երբեք չի փակում դիվանագիտության պատուհանը։ Իսկ բանակցությունների սեղանին վերադառնալու համար անհրաժեշտ են այն նախապայմանները, որոնց մասին խոսում է Իրանը, բայց դիվանագիտության պատուհանը դեռևս բաց է»,- ասում է Թեհրանում հրատարակվող «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Զաբելա Ավագյան