Դատախազ․«Միքայել Աջապահյանն իր օրագրում պարբերաբար գրառումներ է կատարել հարցազրույցների դիտումների վերաբերյալ․ վերահաստատվում է իշխանությունը յուրացնելու կոչ անելու մեղադրանքը» | Region

Դատախազ․«Միքայել Աջապահյանն իր օրագրում պարբերաբար գրառումներ է կատարել հարցազրույցների դիտումների վերաբերյալ․ վերահաստատվում է իշխանությունը յուրացնելու կոչ անելու մեղադրանքը»

Օգոստոս 21,2025 19:32

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում հանրային մեղադրող Վահան Հարությունյանը հրապարակեց արքեպիսկոպոսի կեցավայրում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերված համակարգչում եղած տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ զննման արդյունքում հայտնաբերվել են մի շարք թվային ֆայլեր, որոնց թվում եղել է նաև օրագիրը:

«Զննման արդյունքում պարզվեց, որ հիշյալ էլեկտրոնային փաստաթուղթը հանդիսացել է օրագիր, որտեղ ըստ ժամանակագրության  և համապատասխան ամսաթվերի ամրագրման իրականացված են գրառումներ: Պարզվել է, որ առաջին գրառումը եղել է 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, իսկ վերջին գրառումը 2025-ին: Յուրաքանչյուր գրառման կողքին նշված է այն վայրը, որտեղ կատարվել է գրառումը»,-նշեց Հարությունյանը:

Ընդհանուր առմամբ, օրագրում նշումներ են այն մասին, թե ինչպես է անցել  նրա օրը, թե երբ, ինչ հարցազրույցներ է նա տվել, և թե դրանցից որն ինչքան դիտում ունի: Նշումներ կան նաև հարցազրույցների վերաբերյալ արձագանքների մասին:

Մեղադրող կողմը իր խոսքում նշեց, որ Միքայել Աջապահյանը իր խոսքը հասարակության լայն զանգվածներին հասցնելու ցանկություն է ունեցել,  նա պարբերաբար գրառումներ է կատարել հարցազրույցների դիտումների վերաբերյալ․«Սա խոսում է կոնկրետ դիտավորության, և առհասարակ մեղադրյալի՝ տվյալ հանգամանքներով պայմանավորված հայացքների մասին: Նշված ապացույցով ըստ էության վերահաստատվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը, մասնավորապես իշխանությունը յուրացնելու կոչ անելու հետ կապված»։

Ի պատասխան Միքայել Աջապահյանի իրավապաշտպաններից Մարինե Ֆարմանյանը հակադարձեց՝ ներկայացված փաստերից որևէ մեկում, կամ որևէ տողում չկա հանցակազմի օբյեկտիվ կողմի գործողությանն ուղղված որևէ նախադասություն, իսկ դիտումների քանակի պարբերաբար նշումները, Ֆարմանյանի ներկայացմամբ, բնորոշ է յուրաքանչյուր ողջամիտ մարդու, ով կարևորում է իր ասած ողջամիտ խոսքը, և բոլորին էլ հետաքրքրիր է, թե իրենց ասած միտքը որքանով է հասանելի դարձել հասարակությանը:

Միքայել Աջապահյանի մյուս փաստաբանը՝ Երեմ Սարգսյանն էլ ընդհանրապես անթույլատրելի որակեց Աջապահյանի կեցավայրում իրականացված խուզարկությունը, շեշտելով, որ այն իրականացվել է սահմանված կագի խախտմամբ.«Անձի բնակարանում խուզարկությունը կատարվում է այդ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի ներկայությամբ, մինչդեռ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում իրականացված խուզարկությանը ո՛չ Աջապահյանը, ո՛ չ էլ նրա օրինական ներկայացուցիչ ներկա չի եղել, և այս պայմաններում ձեռք բերված օրագիրն անթույլատրելի ապացույց է»:

«Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» վերնագրով Աջապահյանի հարցազրույցում, ինչպես նշեց Երեմ  Սարգսյանը, իրավապահները հանցակազմի հատկանիշներ իրավացիորեն չէին գտել:

Նա ասաց, որ այս հարցազրույցը Միքայել սրբազանը տվել էր 2023 թվականին սեպտեմբերին, բայց դրանից հետո Միքայել սրբազանի հայտարարություններում արդեն հանցակազմ են տեսել․«Իրենց պատկերացմամբ՝ սա իշխանությունը բռնի զավթելու կոչ է։ Եկեք պատկերացնենք, որ նույն բառերը տարբեր ժամանակներում ասվել են, հիմա տեսնենք՝ նախկինում սա քննչական մարմինն եւ դատախազությունը դիտարկե՞լ են որպես իշխանությունը բռնի զավթելու կոչ, թե՞ ոչ»։

Սարգսյանի խոսքով՝ դատախազությունը եզրակացրել էր, որ 2023-ի այդ տեսանյութում չկա իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ, հետեւաբար պետք է հարց ծագի, թե ինչպե՞ս է լինում, որ նախաքննական մարմնի եւ նույն դատախազության համար նույնաբնույթ հայտարարությունը կոնկրետ պահին իշխանությունը բռնազավթելու կոչ չէ, որտեղ ասվում է, որ «ռազմական հեղաշրջում» պետք է կատարվի, բայց այստեղ, երբ սրբազանը պատմում է, որ ինքը նախկինում նման բան է ասել, սա արդեն կոչ է ու հանցագործություն։

Երեմ Սարգսյանը նարև հարցրեց՝  ի՞նչու այս պահին հստակ չի նշվում, թե ելույթի ո՞ր հատվածն է պարունակում իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր, ինչին ի պատասխան մեղադրողը նշեց՝ այս պահին ապացույցների հետազոտման փուլն է․«Հաջորդ, եզրափակիչ ելույթների փուլում հստակ կխոսենք դրա մասին: Հորդորում եմ ձեզ այս ամենը չմեկնաբանել այնպես, կարծես ես խուսափում եմ մեկնաբանությունից: Ես վստահեցնում եմ, որ այս հանգամանքին մանրամասն կանդրադառանք եզրափակիչ հատվածում»:

Դատական նիստը դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ