Կկայանա՞ արդյոք Ղազախստանի նախագահի այցը Հայաստան
– Ղազախստանի նախագահի այցը Ադրբեջան.
– Ղազախա-ադրբեջանական համագործակցություն.
– Տոկաևը՝ ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում.
Մարտի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել էր Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր, նաև հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին և հայ-ղազախական գործարար համաժողովի անցկացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Պատահական, թե ոչ, հենց մարտի 11-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով գտնվում էր Ադրբեջանում։ Ստորագրվել են տարբեր ոլորտներում շուրջ 10 համաձայնագրեր և հուշագրեր: Ղազախստանի նախագահը մասնակցել է Ֆիզուլի քաղաքում մշակութային կենտրոնի բացմանը։ Մարտի 12-ին երկու երկրների նախագահներն այցելել են Շուշի քաղաք: Տոկաևը և Ալիևը ճեպազրույց են անցկացրել ԶԼՄ ներկայացուցիչների համար: Իր ելույթում Ղազախստանի նախագահն Ադրբեջանին անվանել է Ղազախստանի ռազմավարական գործընկեր, ինչպես նաև կարևորել իր այցը Բաքու: Վերջին տարիներին Ղազախստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները նկատելիորեն ակտիվացել են բոլոր ուղղություններով։ Դա կապված է ինչպես Ադրբեջանի տարածքի ամբողջականությանը դիվանագիտական աջակցության, այնպես էլ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման ֆոնին տնտեսական համագործակցության ընդլայնման հետ։
Հայաստանն ու Ղազախստանը ՀԱՊԿ-ի դաշնակիցներ են: Ի դեպ, Խորհրդային Միության փլուզումից հետո 1992 թվականի մայիսի 15-ին կնքվեց «Տաշքենդի պակտը», որն իրենից ներկայացնում էր Հավաքական անվտանգության պայմանագրի նախնական տարբերակը։ Պաշտոնական փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարները: Այնուհետև 1993 թվականի ընթացքում պայմանագրին միացան ևս երեք պետություններ՝ Վրաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի ապրիլի 20-ին, նախատեսված է եղել 5 տարով և թույլ է տվել երկարաձգում։ 1999թ. ապրիլի 2-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները ստորագրեցին արձանագրություն դրա գործողության ժամկետը 5 տարով երկարաձգելու մասին, Սակայն Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը հրաժարվեցին պայմանագիրը երկարաձգելուց: Ներկայումս կազմակերպության անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը:
Իսկ 2002թ.մայիսի 14-ին որոշում ընդունվեց այն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերածելու մասին: Կազմակերպության նպատակներն են խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, հավաքական հիմունքներով անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, որոնց հասնելու հարցում առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին: Կանոնադրության համաձայն ՝ դաշինքի մասնակիցները միավորված են իրենց պետությունների պաշտպանության համար և կարող են համատեղ գործունեության համար օգտագործել բանակը, այլ ռեսուրսներ: Կառույցի գլխավոր խնդիրը երկրների տարածքային ամբողջականության պահպանումն է, ցանկացած ներխուժմանը դիմակայելը, ահաբեկիչների, բնական աղետների հետևանքների դեմ պայքարը։
Տարածքային ամբողջականության հարցերը, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում, շատ արդիական էին։ Թեև Արցախյան հակամարտությունն ըստ էության տարածքային հակամարտություն չէր, շատերը միջազգային մակարդակով փորձել են այն ներկայացնել հենց որպես տարածքային հակամարտություն: Հայաստանը 90-ականներին Արցախի անվտանգության երաշխավորն էր։
Ղազախական իշխանությունները դեռևս 90-ականներից հանդես են եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օգտին։
Ընդ որում, ՀԱՊԿ-ում, ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո դաշնակցային աջակցություն էին հայտնում ոչ թե ՀԱՊԿ գործընկեր Երևանին, այլ պաշտոնական Բաքվին։ ՀԱՊԿ-ը ոչ միայն Ադրբեջանի գործողությունները չի անվանել ագրեսիա, այլև ի դեմս Բելառուսի և Ղազախստանի հստակ հասկացրել են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընտրություն կատարելիս ընտրել են Ադրբեջանը: Ուստի միամտություն է կարծելը, որ ՀԱՊԿ-ը երբևէ կցանկանա պաշտպանել իր դաշնակցին։ Պետք է նշել, որ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի կամ Վարշավյան դաշինքի նախատիպը չէ և պետք չէ նրանից ինչ-որ նշանակալի գործողություններ ակնկալել նաև այլ հարցերում։
ՀԱՊԿ-ի անդամներից ոչ մեկը, առաջին հերթին Ղազախստանը, թույլ չի տա և չի մասնակցի հետխորհրդային տարածքում ինչ-որ ռազմական գործողության։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ Ադրբեջանն ու Ղազախստանը գործընկեր են թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաև Կասպիական տարածաշրջանում։ Ղազախներն Ադրբեջանը համարում են թյուրքական աշխարհի մի մասը, որտեղ վերջին շրջանում ակտիվ ինտեգրացիոն գործընթացներ են ընթանում։
2020 թվականին հակամարտության սրման ժամանակ Հայաստանը օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին։ Մոսկվան ի պատասխան հայտարարել էր, որ չի կարող օգնել, քանի որ Հայաստանի սահմանները չեն խախտվել, պատերազմն ընթացել է Լեռնային Ղարաբաղի տարածքում: Կրեմլը սահմանափակվեց Երևանին քաղաքական աջակցությամբ, իսկ հետո խաղաղապահներ ուղարկեց Արցախյան հակամարտության գոտի։ Ընդ որում, Բելառուսն ու Ղազախստանը բացահայտ համակրում էին և մինչ օրս համակրում են Ադրբեջանին և Թուրքիային։
Երևանը նաև դժգոհ է, որ ՀԱՊԿ-ը ագրեսիա չի անվանել Ադրբեջանի գործողությունները 2021-2022 թվականներին, երբ ՀՀ տարածքից օկուպացվեց շուրջ 130 քառ.կմ: իսկ 2023 թվականին Արցախի բնակչության հարկադիր հեռացումը 2023 թ.-ի աշնանը ՀԱՊԿ-ը չի որակել որպես էթնիկ զտում: Այդ կազմակերպությունը, չնայած իր պարտավորություններին, պատշաճ կերպով չի արձագանքել Հայաստանի անվտանգության մարտահրավերներին։
Հայաստանում վաղուց արդեն խոսում են ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու մասին։ Վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի դեմարշից հետո ցուցակում հաջորդն Աստանան է։ Ղազախստանում ակտիվացել են հակառուսական ուժերն ու տրամադրությունները։ Այս ամենը տեղի է ունենում Անկարայի հետ Աստանայի ռազմական համագործակցության ամրապնդման ֆոնին. կառուցվում է հարվածային ԱԹՍ-ների արտադրության գործարան, Թուրքիայից գնում են զրահամեքենաներ, որոնք երկու անգամ ավելի թանկ են, քան ռուսական արտադրությանը, հայտարարվել է համատեղ ռազմական նավատորմի ստեղծման ծրագրերի մասին։ Քաղաքագետների կարծիքով, վերջին տարիների իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է «հրկիզել» Ասիան:
Զաբելա Ավագյան