Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում | Region

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում

Հունվար 18,2026 16:32

Հայաստանի ծանրամարտի ֆեդերաացիայից հայտնում են, որ տղամարդկանց ընտրանին այս օրերին 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում՝ նախապատրաստվելով ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերին ու առաջիկայում` փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը:

Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է 13 ծանրորդ:

«Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք Գյումրիում, հետո հավաք կունենանք Երևանում, որից հետո կլինի Հայաստանի առաջնությունը: Այդ առաջնությունից հետո ևս երեք հավաք կանցկացնենք` նախապատրաստվելով ապրիլին Բաթումում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- ՀԾՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը:

Տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը ևս անդրադարձավ ուսումնամարզական հավաքին. «Կարծում եմ` մարզիկներն իրենց լավ են զգում, քանի որ տրամադրվածությունը շատ լավ է: Այս հավաքի հիմնական շեշտը դրված է ուժային պատրաստվածության վրա, քանի որ առաջին հավաքն է: Երկրորդ ուսումնամարզական հավաքին ծրագիրը կփոխվի, մի փոքր այլ կլինի, քանի որ Հայաստանի առաջնություն ունենք առաջիկայում»:

Գյումրու ուսումնամարզական հավաքը կեզրափակվի հունվարի 25-ին:

Նորություններ