Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է մի քանի երկրների հետ, այդ թվում՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա
Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյան։
«Բոլորին թափանցիկ կերպով ասում ենք՝ ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում է, և որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ կան գործընկերներ, որոնք Երևանին շտապեցնում են ընտրության հարցում, սակայն անհրաժեշտ է հասկանալ բոլոր նրբությունները․«Որովհետև, եթե մենք 5 մլրդ, 4 մլրդ, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք, և ուրանի գինը չորս անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ: Հիմա եկեք նայենք ոսկու գնի դինամիկային վերջին 10 տարում, իհարկե, համեմատությունը տեղին չի, այդքան ուղիղ չի, բայց, ենթադրենք, մեկ էլ կարա պլուտոնիումի և միջուկային վառելիքի գինը կարա այդ դինամիկայով սկսի աճել, դա ոնց է ազդելու մեր նախագծի տնտեսական հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Սրանք շատ լուրջ հարցեր են, բոլոր լուրջ հարցերը ամենայն մանրամասներով պետք է քննարկենք»։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու փուլում է, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ՝ ևս 10 տարով երկարաձգելու համար։ Նա նշել է, որ այդ ընթացքում կառավարությունը պետք է նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որոշում կայացնի, հավելելով, որ հիմա Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամենաէժանն է։
Փաշինյանի խոսքով՝ որոշ գնահատականների համաձայն՝ միջուկային վառելիքի հայտնի պաշարները կարող են բավարարել շուրջ 70 տարվա պահանջարկը, ուստի անհրաժեշտ է հաշվարկել, թե 40 տարի հետո 1 կՎտ ժամ միջուկային էներգիան ինչ կարժենա, և կառուցվելիք ատոմակայանի համար պետք է դրվի այնպիսի տնտեսական և ֆինանսական սխեմա, որպեսզի ներդրված միջոցները վերադարձվեն։
