Ըստ Ադրբեջանի՝ չկա Մինսկի խումբ, չկա նաև Արցшխի հարց. քաղաքագետ | Region

Ըստ Ադրբեջանի՝ չկա Մինսկի խումբ, չկա նաև Արցшխի հարց. քաղաքագետ

Օգոստոս 18,2024 12:00

Բաքուն պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երևանն արձագանքում է՝ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող ենք դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում:

Regions-ի հետ զրուցում թեմային անդրադարձել է քաղաքագետ Կարեն Կարապետյանը՝ նշելով․

«Թե ինչու է Բաքուն պահանջում լուծարել Մինսկի խումբը, պարզ է բոլորիս, որովհետև դա իրենց տեսանկյունից կլինի Արցախի հարցի վերջանական փակումը, որովհետև 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տեղի էին ունենում բանակցություններ, Արցախի հարցը  մշտապես արծարծվում էր, բանակցային սեղանին էր, հետևաբար՝ ըստ Ադրբեջանի՝ չկա Մինսկի խումբ, չկա նաև Արցախի հարց»։

Ինչ վերաբերում է խմբի կենսունակ լինել-չլինելու մասին հարցերին և պնդումներին, քաղաքագետն ասում է.

«Բնականաբար, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ գուցե Մինսկի խումբն այս պահին այդքան էլ կենսունակ չէ, սակայն, դա չի ենթադրում, որ պետք է գնալ դրա լուծարմանը, հակառակը՝ խմբի ակտիվացումը բխում էր Հայաստանի և Արցախի շահերից»:

Կարապետյանի խոսքով՝ Արցախի հարցն ուզում է թաղել նաև  Հայաստանի այսօրվա իշխանությունը.

«Հայաստանի այսօրվա իշխանության համար Արցախը բեռ էր, և իրենց պատկերացմամբ այդ բեռից ազատվելով՝ Հայաստանը կկարողանա Ադրբեջանի  հետ գալ վերջնական խաղաղության»:

 

Նորություններ