Վանաձոր. համայնք՝ առանց համայնքապետի… խոստանում են աննախադեպ զարգացման տեմպեր
Վանաձորում բացի ճանապարհների վիճակից, շատ այլ խնդիրներ կան. աղբահանությունից մինչև փողոցային լուսավորություն, հասարակական տրանսպորտ…
Ինչո՞ւ է համայնքի զարգացման տեմպը, մեղմ ասած, այսքան դանդաղ: Վանաձորցիները մատնանշում են տեղական ինքնակառավարման մասնատված շղթան:
Ընտրություններից հետո, երբ դեռ Վանաձորի ավագանին չէր հասցրել ընտրել քաղաքապետի, «Քաղաքացիական պայմանագրին» հաղթած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածուն ձերբակալվեց: Հայտարարեցին, թե Ասլանյանը պաշտոնական լիազորություններն է չարաշահել, կատարել պաշտոնեական կեղծիք:
Վանաձորը մնաց առանց քաղաքային իշխանության, մինչև Փաշինյանի ուղիղ որոշմամբ տեղի ունեցավ նշանակում: Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը նախորդ տարի մայիսին նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Փելեշյանի նշանակումից 7 ամիս անց միայն հաջողվեց ավագանու արտահերթ նիստ գումարել: Հաստատվեց համայնքի բյուջեն և սուբվենցիոն ծրագրերը:
Վերջապես քվորում ապահովվեց, երբ ավագանու նիստին ներկայացան «Մամիկոն Ասլանյան» դաշինքից երկու անդամ, և ավագանու 33 հոգանոց կազմից 18-ը ներկայացան արտահերթ նիստին: Մյուսները շարունակում են բոյկոտը:
Ավագանու արտահերթ նիստի կայացումը բարեբախտություն է համարում Փելեշյանի գլխավոր տեղակալը:
Ինքը՝ Փելեշյանը, նախորդների տարիներ շարունակ չարված գործերից շատ չի ուզում խոսել: Պատճառը գուցե նաև այն է, որ սկսած 2012 թվականից Վանաձորի ավագանու անդամ է և նախկին իշխանությունների ու տարբեր կուսակցությունների հետ համագործակցության հարուստ կենսափորձ ունի:
Ասում է՝ մինչև տարեվերջ Վանաձորում տեսանելի փոփոխություններ կլինեն՝ թե՛ համայնքային բյուջեով, թե՛ սուբվենցիոն ծրագրերով: Եթե վանաձորցիները մի քանի խնդիր կարող են նշել, ասում է՝ ինքը հազարը կթվարկի, միայն թե ժամանակ է խնդրում:
Վանաձորի գլխավոր ճարտարապետն իր հերթին ժամկետներն է նշում՝ որքան են համբերելու քաղաքացիները, մինչև մի քանի կարևոր փողոցների ասֆալտապատման աշխատանքներն ավարտին կհասնեն, ընդհանուր առմամբ շուրջ 10 կմ ճանապարհ կհիմնանորոգվի:
Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում կհիմնանորոգվի նաև տիկնիկային թատրոնը՝ հին մոտիվներով, կհիմնանորոգվեն մանկապարտեզներ:
Իսկ թե երբ Վանաձորը կունենա ընտրված համայնքապետ, հայտնի չէ: Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունները մերժվել են։ Նա շարունակում է մնալ կալանքի տակ: