Ռուսական հարթակին դեմ է և՛ Երևանը, և՛ Բաքուն. քաղաքագետ
Չեմ կարծում, թե Պուտին-Ալիև հանդիպման առանցքային թեման Հայաստանն էր և հայ-ադրբեջանական հարաբերությունները, թեև դա կարևոր թեմաներից մեկն էր,-REGIONSTV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած պաշտոնական այցին:
«Ռուսաստանի երկու ուղերձներն էին հետաքրքիր, որ իրենք կողմ են արտահայտվում ճանապարհների ապաշրջափակմանը եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում, այսինքն պնդում են, որ հաղորդակցության ուղիները պիտի մնան Ռուսաստանի վերահսկողության տակ, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթում է, և սահմանազատման, սահմանագծման հարցերը ռուսական մասնակցությամբ, ռուսական փաստաթղթերի հիման վրա պետք է իրականացվեն»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Չնայած Պուտին-Ալիև հանդիպմանն ու Բաքվի հայտարարությանը, թե իրենք երբեք էլ դեմ չեն եղել ռուսական հարթակում քննարկել Երևանի հետ խաղաղության պայմանագրի հարցը, Բաղդասարյանը հնարավոր չի համարում, որ բանակցությունները կրկին այդ հարթակ վերադառնան:
«Հայաստանի իշխանությունը դեմ է ռուսական հարթակին, իսկ Ադրբեջանի իշխանությունը, այդ քաղաքավարի ձևակերպումներին հակառակ, էլի դեմ է: Ավելին, այնտեղ փորձագիտական շրջանակները ասում են, որ Ադրբեջանը տարածաշրջանային լիդեր է, հետևաբար ոչ մի միջնոդի կարիք չունի»,-նշեց քաղաքագետը: