«15 զինվոր զոհվեց…հիմա ինձ պետք է համոզեն, որ ոչ մեկը չի՞ բարեհաճել նկարել, թե զինվորները որտեղ եւ ինչ դիրքով էին հրդեհից հետո» | Region

«15 զինվոր զոհվեց…հիմա ինձ պետք է համոզեն, որ ոչ մեկը չի՞ բարեհաճել նկարել, թե զինվորները որտեղ եւ ինչ դիրքով էին հրդեհից հետո»

Փետրվար 18,2023 18:28

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղի ունեցած ողբերգությունից զոհված 15 զինծառայողներից մեկն էր մեծամորցի Հայկ Կիրակոսյանը:

Նրա ծնողները շատ հարցեր ունեն՝ կապված այն վարկածի հետ, որն առաջ են քաշել իշխանությունները: Կառավարության նիստում դեպքից ժամեր անց Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր՝ ինչ է տեղի ունեցել կացարանում:

«Դա ավելի շատ հրահանգ էր, քան վարկած»,- ասում է Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

Նա չի հավատում նաև, որ երկու զինվոր կարողացել են դուրս գալ ճաղավանդակներից: Տեղը, որտեղ տղաների մահճակալներն էին, 28 քառակուսի մետր է եղել: Ընդամենը:

Մահճակալ կար այն պատուհանի դիմաց, որտեղից, համաձայն հայտարարությունների, դուրս են եկել Հայկի ծառայակիցները, ասում է Գաբրիել Կիրակոսյանը:

Մահճակալներո՞ւմ էին տղաները, թե՞ ոչ: Երկու դեպքում էլ ծնողները ապացույցների են սպասում: Եթե ծխահարվել են և եղել են մահճակալներին պառկած կամ փորձել են դուրս գալ կացարանից, ուրեմն միջադեպից հետո դեպքի վայրում աշխատած համապատասխան մարմինները պետք է ցույց տան լուսանկարներ:

Նորություններ