Ախթալայում բնականոն կյանքը վերականգնվել է. հրաշք վանքն էլ սպասում է այցելուներին
Ախթալայի նոր ժամանակավոր կամուրջն արդեն տեղադրվել է, որով կարող են երթևեկել նաև խոշոր բեռնատար մեքենաները: Բուն քաղաքի բնականոն կյանքը վերականգնվել է, չլուծված է մնում միայն կայարանի մոտ գտնվող տների վերանորոգման, բնակիչների կրած վնասների փոխհատուցման հարցը:
Արդեն ավելի մարդաշատ է Ախթալայի վանական համալիրը, որը բաղկացած է 3 եկեղեցուց, զանգակատնից, քարաշեն կացարաններից։ Վանքի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։
XIII րդ.-ում Իվանե Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի: Վրաց ուղղափառ եկեղեցին նրա նկատմամբ հավակնություններ ունի, սակայն Հայ առաքելական եկեղեցին դրանք համարում է անհիմն՝ պնդելով, որ այն առաքելական վանք է հանդիսանում: Ճարտարապետական-շինարարական սկզբունքները, որոնցով առաջնորդվել են այս շինությունների ստեղծողները, կասկած չեն թողնում, որ կառուցողները եղել են հայերը: