Կրթօջախներում ամբարած գիտելիքները գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և երկրի առաջընթացի | Region

Կրթօջախներում ամբարած գիտելիքները գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և երկրի առաջընթացի

Սեպտեմբեր 01,2024 12:01

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:

Նվիրական այս օրը վերստին բացվում են կրթական հաստատությունների դռները` իրենց հարկից ներս ընդունելու ուսումնասեր մեր զավակներին:

Կրթօջախներում ամբարած գիտելիքներն ու իմացությունը գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և մեր երկրի առաջընթացի ու զարգացման, իսկ կրթության հետ փոխանցվող հոգևոր-բարոյական մնայուն արժեքները` հայրենանվիրումի, ազգասիրության և մեր սրբությունների հանդեպ հավատարմության:

Արդարև, ինչպես վկայում է սուրբգրային խոսքը. «Երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն» (Առակ. Բ 10):

Սիրելի մանկավարժներ, թող Տերը առատորեն արդյունավորի ձեր նվիրյալ ջանքերը` հայրենյաց ավանդներով ու հոգևոր-ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու ուսումնատենչ ու շնորհաշատ մեր զավակներին` հանուն հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթաց կյանքի:

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված քաջարթուն միտք պարգևի ձեզ և ուսումնական նոր տարում առավել փութաջանորեն լծվեք նորանոր գիտելիքներ ամբարելուն:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն:

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Նորություններ