Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ միջազգային մրցաշարի հաղթող | Region

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Սեպտեմբեր 02,2024 10:31

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է Աբու Դաբիի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։

6 թիմերի մասնակցությամբ մրցաշարի եզրափակիչում հայ բասկետբոլիստները մրցել են Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ ու հաղթել 87-81 հաշվով։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը:

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր փորձնական կազմով և առանց գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանի: Թիմը հանդես էր գալիս Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ, որը եզրափակիչ խաղից հետո կիսվել է տպավորություններով։

«Մենք մի շարք պատճառներով հաջող մեկնարկ չունեցանք մրցաշարում, բայց խաղ առ խաղ բարելավեցինք, և այդ ամենն ի վերջո տվեց իր արդյունքը։

Արդյունքը միանշանակ դրական եմ գնահատում, քանի որ մենք դարձանք չեմպիոն։ Եզրափակիչ խաղը մեր լավագույն ելույթն էր․ բոլոր առումներով հիանալի հանդես եկանք։ Նախորդ խաղերում պաշտպանությունում որոշակի խնդիրներ կային, բայց եզրափակիչում տղաներն առավելագույնն արեցին։ Եթե այլ կերպ խաղայինք, չէինք կարողանա հաղթել ԱՄԷ-ի հավաքականին։ Հաղթանակի հիմնական գործոնը թիմային խաղն էր։

Թիմից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ։ Չեմ առանձնացնի որևէ խաղացողի՝ միայն կասեմ, որ հասանք մեր նպատակին»,- Գեորգի Ղազանչյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Նորություններ