Շուշիի ազատագրման օրն առանց Շուշիի. Եռատոնն այլեւս նախկինը չէ. Region5+
44-օրյա ծանր պատերազմը փոխեց Եռատոնի հանդեպ մեր վերաբերմունքը: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները դարձան ավելի զուսպ ու սահմանափակ: Շուշիի ազատագրումից 28 տարի անց մենք կորցրեցինք հայոց բերդաքաղաքը, և արդեն երկրորդ տարին է, որ Շուշիի ազատագրման օրը նշվելու է առանց Շուշիի:
Ավելի քան 8000 քառակուսի կիլոմետր տարածք ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվեց: Այսօր ընդամենը շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ անորոշ:
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները: Պնդում են՝ պետք է գնալ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների, քանի որ այդ օրակարգն այլընտրանք չունի:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը սա համարում են դավաճանական մոտեցում: Եվ անհնազանդության բողոքի ակցիաներով պահանջում են Փաշինյանի հրաժարականը:
Ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն է իրականացնում կառավարող քաղաքական ուժը, պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը: Ի պատասխան այս մեղադրանքներին՝ Փաշինյանը պնդում է՝ ԼՂ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և նա այդ մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում:
Փոխադարձ մեղադրանքների ահա այս մթնոլորտում ենք տոնելու մեր պատմական հաղթանակները:
Region5+-ի շրջանակում անդրադարձ է կատարվել ազատամարտիկների հուշերին, արցախյան ազատամարտի ու Հայրենական պատերազմի դրվագներին ու հերոսներին: