Թուրքիայի իշխանական շրջանակներին անօրինության մեջ մեղադրող փաստաբանը կալանվորվել է | Region

Թուրքիայի իշխանական շրջանակներին անօրինության մեջ մեղադրող փաստաբանը կալանվորվել է

Սեպտեմբեր 03,2024 10:30

Ավելի վաղ Թուրքիայում ձերբակալված քրեական հարցերով փաստաբանը կալանավորվել է: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ Դիլեք Էմեքչին անազատության մեջ է X-ում կատարած գրառուների համար:

Էմեքչին մեղադրվում է «հանրային պաշտոնյային վիրավորելու» և «զրպարտելու» մեջ:

Չնայած փաստաբանի ձերբակալման և ապա կալանավորման պատճառների մասին տարածվող պաշտոնական լուրերի՝ թուրքական մեդիայում շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն՝ Էմեքչին ամենևին էլ մեղավոր չէ:

Նշվում է, որ ավելի վաղ փաստաբանը կազմել և Թուրքիայի գլխավոր դատախազություն մեղադրական էր ներկայացրել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) և «Գորշ գայլերի» հետ կապակցված, ԱՇԿ-ի երիտասարդական թևի՝ «Գաղափարապաշտների օջախների» կարկառուն ներկայացուցիչների դեմ:

Էմեքչին նրանց մեղադրել էր «Հանցավոր նպատակներով կազմակերպություն» հիմնելու մեջ, ինչին էլ հաջորդել էր փաստաբանի անսպասելի ձերբակալումն ու կալանավորումը:

Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայի «Փաստաբանների իրավունքների պաշտպանության խումբը»: Դրանում ասվել է.

«Մեր գործընկերը կալանավորվել է հանցանքի և ոչ մի տար չպարունակող X-ի գրառման համար: Կալանավորումը շարունակվում է կիրառվել որպես անպատասխանատու և անսահմանափակ պատժի գործիք: Սա մեզ համար երբեք ընդունելի չի լինելու: Թե՛ մեր գործընկերները, թե՛ մենք շարունակելու ենք պայքարել իրավունքի գերակայության համար»:

Նշենք, որ Էմեքչիի մեղադրականը եղել է 25 մարդու, այդ թվում՝ «ԱՇԿ»-ի փոխնախագահ Իզզեթ Ուլվի Յոնթերի, «ԱՇԿ»-ի կենտրոնական կառավարման խորհրդի անդամներ Շահին Գյուրզի, Թեմեր Չաքըրօղլուի և Նևզաթ Ունլյություրքի, Ստամբուլում «ԱՇԿ»-ի նահանգային ղեկավար Սերթեր Սելիմի և այլոց դեմ:

ermenihaber.am

Նորություններ