Տղայի մահից հետո ծնողները գտել են նրա նպատակների թերթիկը, որում լրացված էր 18 կետ. նա ապրեց 19 տարի | Region

Տղայի մահից հետո ծնողները գտել են նրա նպատակների թերթիկը, որում լրացված էր 18 կետ. նա ապրեց 19 տարի

Մայիս 08,2022 22:40

Գերասիմ Ահարոնյանը մայիսի 3-ին կդառնար 21 տարեկան։ Տղան նպատակասլաց էր, անկոտրում։ Որոշել էր տնտեսագետ դառնալ, երկրի տնտեսության զարգացմանը իր նպաստն ունենալ։ Նոր էր բուհ ընդունվել, երբ զորակոչվեց ժամկետային ծառայության։ Ծառայեց 1,5 տարի և հոկտեմբերի 3-ից մասնակցեց մարտական գործողություններին, իսկ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ չարաբաստիկ դեպքը։

Անօդաչու սարքի հարվածից, բեկորային վնասվածքներից ընդհատվեց նրա կյանքի ուղին: «Գերասը սիրում էր գրառումներ անել։ Իր ցանկություններն ու անելիքները սովորաբար նոթատետրին էր պատմում, չէր բարձրաձայնում, գիտեր՝ ինչ է ուզում, և հաջորդ քայլը որն է լինելու»,- ասում է տղայի մայրը՝ 42-ամյա Հերմինե Հարությունյանը, և հպարտությամբ պատմում, որ տղան սիրում էր կարդալ, արտասանել։ Դպրոցում, բոլոր միջոցառումներում աչքի էր ընկնում իր պատրաստվածությամբ։

Նպատակների թերթում գրանցված կետերից մեկը 10.000 գիրք կարդալն էր։ Մյուս նպատակներից էին՝ դառնալ հզորագույն ֆինանսիստը աշխարհում, սովորել 4 օտար լեզու, անգլերենի քննությունից ստանալ 20, բարձրանալ ամենաբարձր սարը և այդպես մինչև 18 կետ։ Ծնողներն ասում են՝ տղայի համար հայրենիքն ամեն ինչից վեհ էր, հայի ոգին՝ անպարտելի, Գևորգ Չաուշն ու Դրոն նրա հերոսներն էին։

 

Նորություններ