Հոկտեմբերը Վրաստանում թեժ է լինելու | Region

Հոկտեմբերը Վրաստանում թեժ է լինելու

Սեպտեմբեր 05,2024 14:14

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին

Երկրի վարչապետը նախազգուշացնում է ընտրություններից հետո ապակայունացման վտանգի մասին

Վրաստանի հարաբերությունները ԵՄի և ԱՄՆի հետ վատթարանում են

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել երկրում խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 26-ին նշանակելու մասին: Սրանք կլինեն Վրաստանի առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնք կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով: Կուսակցությունը կարող է խորհրդարան մտնել՝ հավաքելով ընտրողների ձայների առնվազն 5 տոկոսը։ Խորհրդարանում տեղերի կեսից ավելին ստացած կուսակցությունը կկարողանա ներկայացնել վարչապետի թեկնածուին և միանձնյա հաստատել նրա ներկայացրած կառավարության կազմը:

Վրաստանում ընտրությունների օրվա նշանակմամբ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների գրանցումը: Ընդհանուր առմամբ, դիմում է ներկայացրել 30 քաղաքական սուբյեկտ։ CESKO կայքի տեղեկատվության համաձայն՝ նրանցից 17-ը հաջողությամբ գրանցվել են։

Նոր պահանջների համաձայն՝ որոշ կուսակցություններ, որոնք ընտրությունների նշանակման պահին խորհրդարանում պատգամավորներ չունեին, գրանցման համար պետք է հավաքեին 25 հազար աջակիցների ստորագրություններ:

Ֆավորիտը համարվում է իշխող «Վրացական երազանք -Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որն իշխանության ղեկին է արդեն 12 տարի: GORBI-ի սոցհարցման համաձայն՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել երկրի բնակիչների գրեթե 60 տոկոսը, իսկ իշխող կուսակցության գլխավոր մրցակից է համարվում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը»:

«Միացյալ ազգային շարժումը» քննադատում է «Վրացական երազանքին»՝ ենթադրյալ ռուսամետության համար: Նախագահ Զուրաբիշվիլին առաջիկա քվեարկությունը որակել է որպես հանրաքվեի համարժեք, որի ժամանակ երկրի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն եվրոպական և ռուսական կուրսերի միջև: Վկայակոչելով Սահմանադրության 78-րդ հոդվածը, որը նախատեսում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը նպաստելու իշխանությունների պարտավորությունը, Սալոմե Զուրաբիշվիլին ակտիվորեն քննադատում է իշխող կուսակցության գործողությունները՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով, որը կարող է հանգեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների եւ Վրաստանի՝ եվրոպական ուղղությունից շեղման:

Իր հերթին իշխող կուսակցությունը պնդում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքն անհրաժեշտ է Վրաստանին արտաքին միջամտությունից և բողոքի շարժումների ֆինանսավորումից պաշտպանելու համար: Նրանք ընդգծում են, որ օրենքի նորմերը փոխառված են ամերիկյան օրենսդրությունից, այլ ոչ թե ռուսականից։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իշխող «Վրացական երազանք»  կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ ընդդիմությունը հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններում հաղթելու հույս չունի և ընտրություններից հետո պատրաստվում է ապակայունացնել երկիրը: Կառավարության ղեկավարի պնդմամբ՝ ընդդիմադիրներն իրենց նարատիվից հանել են «եթե հաղթի «Վրացական երազանքը»» բառակապակցությունը և օգտագործում են «Եթե «Վրացական երազանքը» կեղծի ընտրությունները» բառակապակցությունը: Վարչապետը համոզված է, որ ընդդիմությունը հերթական անգամ չի ճանաչի ընտրությունների արդյունքները եւ կփորձի գրոհել պետական ինստիտուտները՝ իշխանափոխության նպատակով, իսկ այնուհետ  Վրաստանում «երկրորդ ճակատ» կբացի ՌԴ-ի դեմ՝ «պատերազմի կուսակցության հանձնարարությամբ»: «Հստակ հայտարարում ենք, որ ընտրություններից առաջ կամ ընտրություններից հետո ապակայունացման ցանկացած փորձ խստորեն կպատժվի», – զգուշացրել է վարչապետ Կոբախիձեն: Նրա խոսքով՝ Վրաստանում խաղաղության երաշխավորը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է, որի դեմ արդեն դե ֆակտո պատժամիջոցներ են գործում: Վարչապետն ընդգծել է, որ արևմտյան պատժամիջոցները կապված էին Վրաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ միջոցառումներին միանալուց հրաժարվելու հետ:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրողներին վստահեցրել էր, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի փոփոխությունները կմնան անփոփոխ:

Հիշեցնենք, որ Թբիլիսին Եվրամիությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել Քիշնևի հետ միաժամանակ՝ 2022 թվականի մարտի 3-ին՝ Կիևից երկու օր անց։ Մոլդովան և Ուկրաինան թեկնածուներ են դարձել նույն թվականի հունիսին, իսկ Վրաստանն այդ կարգավիճակը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին։ Հետագայում Եվրահանձնաժողովը նշել է 9 պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել Եվրամիությանն անդամակցելու համար։

Կոբախիձեի ճեպազրույցից կարճ ժամանակ անց նրան է դիմել «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:  Նրա խոսքով՝ վարչապետի հայտարարությունը խուճապի և իշխանությունը կորցնելու վախի հետևանք է: «Որովհետև, պարոն Հերակլի, դուք վախենում եք ձախողումից, վախենում եք պարտվել այս ընտրություններում։ Դուք աղքատության կուսակցություն եք, մեկուսացման կուսակցություն եք, առճակատման կուսակցություն եք: Մարդիկ ուզում են միասնություն, առաջընթաց, տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում։ Ահա թե ինչու եք ձախողվում, և ամեն օր նոր սուտ ու հազար հիմարություն եք հորինում»,- ասել Է Վաշաձեն։

««Վրացական երազանքը» հիստերիայի մեջ է։ Նա առավելագույնս բարձրացնում է տոկոսադրույքները եւ գնում է «վա-բանկ»,- իր հերթին հայտարարել է քաղաքագետ Գիա Խուխաշվիլին՝ մեկնաբանելով իշխող թիմի հայտարարությունը: «Իրականում «Վրացական երազանքը» խաղաղության կուսակցություն չէ, ընդհակառակը, դա պատերազմի, քաղաքացիական դիմակայության կուսակցություն է։ Այդ հայտարարությունը «Վրացական երազանքի» թուլությունն է, այլ ոչ թե ուժի ցուցադրումը»,- նշել է Խուխաշվիլին։

Եվրամիությունը որոշել է սառեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 մլն եվրոյի աջակցությունը, ինչպես նաև կասեցնել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը: ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոյի հայտարարությունում ասվում է. «ԵՄ-ն Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացում է ակնկալում ԼԳԲՏ քարոզչության արգելման օրենքի պատճառով։  Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել վերանայել օրինագիծը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունն էլ ավելի կբարդացնի Բրյուսելի և Թբիլիսիի հարաբերությունները»: Իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ դռները փակ կլինեն Վրաստանի համար, եթե կառավարությունը շարունակի իր ներկայիս կուրսը: Նրա խոսքով՝ Բրյուսելը պատրաստ է Թբիլիսիին զրկել եվրոպական ֆինանսավորումից և խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով մատակարարումներից, եթե օտարերկրյա գործակալների մասին օրենքը չչեղարկվի:

ԱՄՆ-ն ևս մտահոգված է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի կիրարկմամբ։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, խոսելով Վրաստանում ընդունված այդ օրենքի մասին, մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից վրացական կառավարության կուրսի վերաբերյալ և չի բացառել նրանց դեմ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելը: Միլլերը հիշեցրել է «Վրացական երազանքի» անդամների և պատգամավորների, ուժայինների և այլ անձանց նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցների, ինչպես նաև Վրաստանի կառավարությանը 95 մլն դոլարի չափով օգնության կասեցման մասին:

 

Զաբելա Ավագյան

Նորություններ