Մշտադիտարկվել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ. մաքրվել է Արամուսի ամրոց-բնակատեղիի աղբը
ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզ՝ մշտադիտարկելու մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը:
Մասնավորապես՝ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Կամարիսի Սբ. Հովհաննես եկեղեցի (պետ. ցուցիչ՝ 6.35.8, տեղական նշանակության), Կամարիսի Սբ. Աստվածածին մատուռ (պետ. ցուցիչ՝ 6.35.5.2, հանրապետական նշանակության), Աբովյան համայնքի Արամուս վարչական շրջանում գտնվող Սբ. Նշան Ծիրանավոր եկեղեցի (պետ. ցուցիչ՝ 6.13.5, հանրապետական նշանակության), Արամուսի ամրոց-բնակատեղի (պետ. ցուցիչ՝ 6.13.1, հանրապետական նշանակության):
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս վարչական շրջանում գտնվող Սբ. Նշան Ծիրանավոր եկեղեցու տարածքում ուսումնասիրվել է եկեղեցու ներկա վիճակը, քննարկվել են եկեղեցու տարածքում առանց լիազոր մարմնի համաձայնության տեղադրված և հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալմանը խոչընդոտող խաչքարի և մետաղական տաղավարների հեռացման ու տարածքում առկա աղբի մաքրման հարցերը:
Այդ նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել Արամուսի համայնքապետարան (այդ թվում՝ ամրոց-բնակատեղիում մաքրման աշխատանքների իրականացման համար), և վերջինիս կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ հեռացվել են Ծիրանավոր եկեղեցու տարածքի մետաղական տաղավարները, մաքրվել է Արամուսի ամրոց-բնակատեղիի աղբը:
Կամարիսի Սուրբ Աստվածածին մատուռի տարածքում նախարարության աշխատակիցները ծանոթացել են վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են բարերարի միջոցներով: