Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է. Ազիզի
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ և կոշտ պատասխան կտա դրա հետ կապված ցանկացած փոփոխության:
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Էբրահիմ Ազիզին, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի հնչեցրած դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ասել է, որ այդ հարցի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և որ Իրանը կտրականապես դեմ է դրանց:
Ազիզին «Զանգեզուրի միջանցքը» կեղծ օրակարգ է համարում: Նրա խոսքով՝ դրա անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու նախագծեր կան:
«Նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, մենք զգուշացնում ենք, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կարժենան նրանց համար»,- ասել է Ազիզին՝ հավելելով, որ Իրանը կպաշտպանի իրեն, եթե սպառնալիք առաջանա իր տարածքային ամբողջականությանը: