ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ. ԱԺ-ն նոր պատգամավոր ունի | Region

ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ. ԱԺ-ն նոր պատգամավոր ունի

Սեպտեմբեր 09,2024 10:47

Ազգային ժողովի հերթական աշնանային նստաշրջանը մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ:

Գրանցվեց  84 պատգամավոր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ  ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի մանդատը տրվել է  Արմենուհի Ղազարյանին։  Նիստի մեկնարկին ՔՊ-ական պատգամավորն երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

Արմենուհի Ղազարյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել էր ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին՝ Արմենուհի Նշանի Ղազարյանին։

Նշենք, որ Գուրգեն Արսենյանը նշանակվել է  ՌԴ-ում ՀՀ դեսպան։

Նորություններ