«Վերադառնում եմ հարազատ քաղաք՝ բերելով արևներ, սեր ու ջերմություն» | Region

«Վերադառնում եմ հարազատ քաղաք՝ բերելով արևներ, սեր ու ջերմություն»

Սեպտեմբեր 09,2024 11:05

Յուղաներկ, ակրիլ, ոսկու փոշի. արևոտ աշխատանքներ՝ խառը տեխնիկայով: Նկարչուհի Մարինե Մանուկյանը շատ արևներ է նկարում:

Այս անգամ գեղանկարները ծննդավայր Գյումրիում են: «Ես Գյումրիս լքեցի, երբ անչափահաս էի, երբ հողը ճեղքվեց ոտքերիս տակ և քաղաքս տնքաց ցավից, ես լքեցի քաղաքս ծանր սրտով, ու հիմա վերադառնում եմ հարազատ քաղաք՝ բերելով արևներ, սեր ու ջերմություն»,-նշեց նկարչուհին:

Երկու սրահներում ներկայացված աշխատանքներից առաջինում արևներ էին, երկրորդում՝ աբստրակտ նկարներ: Մարինե Մանուկյանը նկարել սկսել է ուշ՝ 2019թ.-ից. ինքնաբուխ կուտակված զգացմունքներն ու ասելիքը հնարավոր չէր արտահայտել արդեն ընտրված մասնագիտությամբ՝ իրավագիտությամբ: Նկարչուհու խոսքով՝ սա իր համար ուրիշ աշխարհ է, որտեղ դրսևորում ու լրացնում է էմոցիաները:

Մարինե Մանուկյանը իրավաբան է, նոտար, նկարիչների միության պատվավոր անդամ է, նախկինում ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Առաջիկայում նախատեսում է դրանք կազմակերպել Հայաստանի սահմաններից դուրս: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում ներկայացված գործերի անհատական ցուցահանդեսը «Լռության ձայնը» խորագիրն է կրում:

44-օրյա պատերազմից առաջ էլ արևանկարներից մեկն էր նկարում մեծ կտավի վրա: Երբ սկսվեց պատերազմը, զգաց՝ չի կարողանում նկարել: Ընկերուհին հուշել էր՝ հենց արևդ նկարես, պատերազմը կավարտվի: Այդ զգացողությունն ուներ նաև Մարինեն: Գործից շուտ էր վերադառնում, որպեսզի ավարտեր նկարը, չէր ստացվում… Մարինեն արևը նկարեց պատերազմից հետո:

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ