«Սեպտեմբերի 22–ի հավաքը լինելու է մեր հաղթանակի սկիզբը». Բագրատ Սրբազան
«Այս պայքարը կոչված է սահմանադրական կարգը վերականգնելու և մեր խնդիրները լուծելու։ Մենք չենք կարծում, որ միայն դրական օրենքն է գործելու մեր երկրում, այլ առաջին հերթին բարոյական օրենքը»։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հերթական հավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Մենք կոչված ենք քաղաքացիական հասարակության փոխարեն ստեղծելու բարոյական հասարակություն, բարձր արժեքների հասարակություն, որտեղ ամեն պաշտոնյա առաջին հերթին ինքն իր առջև է պատասխան տալու, հետո նոր հանրության»,-նշեց նա։
Սրբազանը հիշեցրեց՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին, Երևանի մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի է ունենալու շատ կարևոր հավաք. «Այդ հավաքը լինելու է մեր հաղթանակի սկիզբը»։
Բագրատ սրբազանի խոսքով՝ փաստն այն է, որ գոյություն ունի սպասելիք, իսկ վերջնահանգրվանը հաղթանակն է: «Կան մարդիկ, որոնք դիտորդի կարգավիճակով սպասում են, որպեսզի երբ Սրբազան պայքարը հասնի մի հանգրվանի, իրենք ձի նստած գան այդ հանգրվանը վայելելու։ Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ սա իր էությամբ հոգևոր ու արժեքային պայքար է, որը հիմքն է բոլոր փոփոխությունների»,–նշեց շարժման առաջնորդը։