Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին | Region

Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին

Սեպտեմբեր 09,2024 22:28

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը:

Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

«Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք:

Մենք այս գործընթացին իրապես վերաբերում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգի:

Եվ այսօր մենք պաշտոնապես ազդարարում ենք մի գործընթացի մեկնարկ, որի վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի (վիզաների) ռեժիմի ազատականացմանը։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Ավարտելով խոսքս՝ բոլորիս շնորհավորում եմ ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք»,-ասել է ՄՀեր Գրիգորյանն իր խոսքում:

Նորություններ