Բրյուսելում մեծ շուքով նշվեց Շառլ Ազնավուրի 100-ամյակը և Հայաստանի Ազգային տոնը | Region

Բրյուսելում մեծ շուքով նշվեց Շառլ Ազնավուրի 100-ամյակը և Հայաստանի Ազգային տոնը

Սեպտեմբեր 12,2024 21:45

Սեպտեմբերի 11-ին Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում տեղի ունեցավ հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ, որին հաջորդեց հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա էին Բելգիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի և արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսը, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և այլք։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայի Թագավորությունում դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։ Դեսպան Բալայանը մեկնարկեց՝ ընթերցելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների անունները՝ ընդգծելով, որ նրանք զրկված են անկախության տոնը նշելու հնարավորությունից։

Հայաստանի դեսպանը զուգահեռներ անցկացրեց հայ ժողովրդի անցած ճանապարհի և Շառլ Ազնավուրի կյանքի միջև՝ նշելով, որ մեծանուն հայ երգչին Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքացիության շնորհումը, և ներկայում նրա ընտանիքի՝ Հայաստանում բնակվելու հանգամանքը խորհրդանշական է։ Այս փաստը վկայում է, որ հայ ժողովրդի հայրենիքի որոնումն ավարտվել է, և դեռևս 33 տարի առաջ Հայաստանը վերագտել է իր անկախությունը և դարձել Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ ինքնիշխան անդամ։

Ողջույնի խոսքին հաջորդեց «Ազնավուր 100» խորագրով համերգը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո «Ազնավուր 100» ծրագրի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան, մենակատարներ՝ Գոռ Սուջյան և Ինգա Արշակյան՝ հյուրերի համար կատարելով Ազնավուրի ամենահայտնի երգերը ջազային ընթերցմամբ։

Համերգից հետո, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։

Նորություններ