«Եթե գյումրեցին ընդունեց, ուրեմն ֆիլմը ստացվել է». «Մեդալի հակառակ կողմը» Գյումրիում
Գյումրու մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլմի առանցքում գյումրեցի հանրահայտ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի կյանքի պատմությունն է, որտեղ ներկայացված են թե նրա անցած մարզական ուղին ու սխրանքները, թե անձնական կյանքն ու դժվարությունները:
Դահլիճը լեփ-լեցուն էր: Հայրենի քաղաքում Նազիկ Ավդալյանին և նկարահանող խմբին դիմավորեցին ծափողջյունների ներքո։ Նույնիսկ ֆիլմի ցուցադրության ժամանակ ծափերը չէին դադարում:
Ֆիլմի նկարահանումները կատարվել են նաև Գյումրու կենտրոնական փողոցներում, ծանրամարտի դպրոցում, որտեղ ժամամակին մարզվել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։
Ելույթի ժամանակ ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի Աննա Մաքսիմը նշեց, որ իր համար շատ կարևոր է գյումրեցիների կարծիքը. «Եթե գյումրեցին ընդունեց, ուրեմն ֆիլմը ստացվել է»:
Ֆիլմի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Աննա Մաքսիմը մարզումների ընթացքում վնասվածք է ստացել ու սկսել է մտորել, թե ինչպես են մեր հայ մարզիկները, առավել ևս կին մարզիկները, հաղթահարում ցավերը, դժվարությունները։
«Կարծես ժամանակը կանգ առավ, ուզեցի հասկանալ, թե ինչպես է հնարավոր կին լինելով՝ այդքան նվիրված լինել մի գործի, որը իսկապես երկաթյա կարգապահություն է պահանջում… և միանգամից հիշեցի Նազիկին. շատ արագ որոշում կայացրեցի, որ պիտի գնամ այս ճանապարհով»,-նշեց դերասանուհին:
«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք՝ Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում, և չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անտանելի ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք և աննկուն ոգի, անհնարին ոչինչ չկա:
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։