Վրաստանը պատրաստ է իր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում․ Իրակլի Կոբախիձե | Region

Վրաստանը պատրաստ է իր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում․ Իրակլի Կոբախիձե

Սեպտեմբեր 16,2024 18:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում է։ Մայրաքաղաք Թբիլիսիում  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Մեր ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են։ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը։ Պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում մեր ուժերի ներածին չափով»,-հայտարարեց է Վրաստանի վարչապետը։

Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։

Նա շնորհակալություն հայտնեց Փաշինյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը ներդրում ունենալու համար։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․«Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը։ Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պիտի լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները հիմնված ընդհանուր շահերի, փոխադարձ հարգանքի ու համընդհանուր զարգացմանն ուղղված տնտեսական համագործակցության վրա»։

Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին, նշեց՝շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Երևանն ու Բաքուն կարողացել են առավելապես համաձայնեցնել խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տեքստը, մոտ 80 տոկոսը։

ՀՀ վարչապետն ասաց, որ հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ունեցող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ։

 

Նորություններ