«Ռադիոլուր»-ի աշխատակիցները «Բաքու» ցուցանակն այսօր փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով | Region

«Ռադիոլուր»-ի աշխատակիցները «Բաքու» ցուցանակն այսօր փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով

Սեպտեմբեր 20,2024 18:14

Երեկ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ի սենյակում փակցրած ժամացույցների տակ «Բաքու» ցուցանակը  «Ռադիոլուր»-ի աշխատակիցներն այսօր հանել են։

Հանրային ռադիոյի  լրագրող Ալիսա Գևորգյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նոր ցուցանակով ժամացույցի լուսանկարն ու գրել. ««Ռադիոլուր»-ի պատասխանը»։
«Ռադիոլուր»-ի աշխատակիցները «Բաքու» ցուցանակը հանել են, դրա փոխարեն փակցրել «Ստեփանակերտ» ցուցանակը։  Այժմ այդ ժամացույցի տակ գրված է՝  Ստեփանակերտ-Թբիլիսի։

Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանի նախաձեռնությամբ «Ռադիոլուր»-ի սենյակում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ են փակցվել։ Այս ժամացույցների շարքում էին նաեւ Թբիլիսի-Բաքու, Անակարա-Մոսկվա գրառումներով ցուցանակները։

«Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև բաքվի և անկարայի ժամանակով: Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր…»,-այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր լրագրող Ալիսա Գեւորգյանը։

Արմեն Քոլոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, վստահեցրել էր, որ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցն ու ցուցանակը չի հեռացնի։

Իսկ այսօր լրագրողներն իրենց նախաձեռնությամբ այն հեռացրին։

Նորություններ