Ո՞րն է Գյումրիի ֆենոմենը. երկրում հարց լուծողը քաղաքացին է
Հայաստանի երկրորդ քաղաքը բացառիկ բնակավայր է, որն այդպես էլ չդարձավ հայաստանյան վարկաբեկված քաղաքական համակարգի բովանդակության մի մասնիկը: Գյումրին ունի իր բովանդակությունն ու նկարագիրը, իր ասելիքը, որին ստիպված են հարմարվել իշխանությունները:
«Ո՞րն է Գյումրիի ֆենոմենը» հարցին տրվող մի շարք պատասխաններից մեկն անշուշտ հետևյալն է՝ Գյումրին այն քաղաքն է, որտեղ ծնունդ է առել ԳԱԼԱ հեռուստաընկերությունը: Գյումրին այն քաղաքն է, որը կռիվ տվեց իր հեռուստաընկերության համար: Գյումրեցին ԳԱԼԱ-ում տեսավ իրեն, քաղաքացու կռվող տեսակին, ըմբոստ տեսակին, կանգնեց այդ տեսակի կողքին, որովհետև այդ տեսակը չէր կարող պարտվել:
11 տարի առաջ ժամանակի հրամայական էր ԳԱԼԱ-ի ծնունդը Գյումրիում: Տարիներ հետո պիտի հայտարարվեր՝ Հայաստանի ոչ մի այլ քաղաք չունի ԳԱԼԱ Հ/Ը, տարիներ հետո նաև այդպես պիտի ընդգծվեր Գյումրիի բացառիկությունը:
ԳԱԼԱ-ն ծնունդ առավ՝ ունենալով դեռևս միամիտ պատկերացումներ ժողովրդավարության, ազատության, այդ ամենը նվաճելու, վաստակելու գնի և դժվարությունների մասին:
ԳԱԼԱ-ն հիմնադրման օրվանից ոչ թե սոսկ լրատվամիջոց էր, այլ գաղափարական հենք ունեցող կառույց, ուր կան սկզբունքներ, որոնց ոչ մի պարագայում չպետք է դավաճանել: Ցանկացած գնով սկզբունքային լինելու վճռականությամբ հեռահար նպատակներ էինք հետապնդում: Կառուցել քաղաքացիական հասարակություն, մարդկանց մեջ կաթիլ առ կաթիլ ներարկել ազատ լինելու, ազատ գործելու և մտածելու սերմերն, ազատ մտածող քաղաքացու ձեռքով ձևավորել իշխանություն, վերջին հաշվով կառուցել երկիր… Սա մեկնակետն էր, անելիքների գծագրված ուղին ու բանաձևը:
Կառուցել երկիր… հավակնոտ, շատերի համար գուցե անհասանելի, անիրականանալի, խրթին ինչ-որ բան կարող է թվալ: Քաղաքացուն ի սկզբանե պարզ ուղերձ էր հղված՝ ոչ մի երկրում չկա լավ իշխանություն, կա ժողովուրդ՝ համառ, նպատակասլաց և ազատության ձգտող ժողովուրդ, որը կստիպի իշխանությանն աշխատել:
Լրատվամիջոցի շարժիչ ուժը սա էր և հաջողության բանաձևը նաև, որովհետև գործն ազնիվ էր. հեռուստաընկերությունը չէր կարող պարտվել: Գաղափարը կյանքի կոչելու համար հարկավոր էր թիմ, ավյունով լի, երիտասարդներ, ովքեր կհանդիսանային վերոհիշյալ գաղափարի կրողը:
Հարկավոր էր առողջ թիմ՝ վնասակար, քայքայող կարծրատիպեր չունեցող: Սկզբունքային հարց էր՝ ԳԱԼԱ-ի կազմում չպետք է տեղ գտնեն պատահական մարդիկ, և պատահական չէ, որ մարդու պայքարող տեսակը մնաց կառույցում:
ԳԱԼԱ-ի թիմի համար կարևոր էր տեսնել աշխատանքի ռեալ արդյունքը, որն արտացոլվում էր հատկապես ընտրությունների ժամանակ:
Գյումրիում իշխանությունները սկսեցին շարունակաբար պարտվել: Իրավիճակն անկարող եղան փրկել տեղական և մարզային իշխանությունները: Ռեժիմի պատվերն իշխանության սպասարկուները չկարողացան կատարել տարիներ շարունակ:
Հեռուստաընկերությունը գործունեության սկզբից ևեթ Բաղրամյան 26-ի մշտադիտարկման տակ էր: Մինչ այդ Հայաստանում հեռուստաընկերություններ էին փակվել, և սա իր կործանարար ազդեցությունը թողել էր՝ որոշակի կարծրատիպեր ձևավորելու առումով, որ Հայաստանում չի կարող լինել խոսքի ազատություն, որ տաբու կա դրված այն ինֆորմացիայի և տեսակետների վրա, որոնք չեն համապատասխանում նախագահականում գործողների տեսակետների հետ:
Հարձակումը հեռուստաընկերության վրա չուշացավ: Առճակատման մեկնարկը տվեց 2007-ին նախագահի աթոռը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը:
Խնդիրն այն էր, որ իր գործունեությամբ ԳԱԼԱ-ն կամա թե ակամա պարտադրելու էր նաև մյուսներին գործել այլ խաղի կանոններով: Պարզ մրցակցությունն անգամ ստիպելու էր նրանց որոշակի փոփոխություններ մտցնել իրենց գործունեության մեջ, իսկ սա ռեժիմի համար, բնականաբար, կործանարար էր լինելու:
Վայրենի հարձակումը մարզային փոքր հեռուստաընկերության դեմ ցույց տվեց, թե բուրգը որքան էր խորշում ու վախենում ազատությունից: Բոլոր հնարավոր վարչական լծակների կիրառմամբ, իշխանության տարբեր մարմինների ներգրավմամբ փորձեցին ցույց տալ՝ ինչպես յուրայիններին, այնպես էլ մյուս լրատվամիջոցներին, որ իրենք պատրաստ չեն հանդուրժել ինքնագլուխ գործունեություն, որ իրենք կխժռեն ցանկացածին, միայն թե երկրում չտրվի իրենց համար ահարկու երևույթի մեկնարկ, որի անունն է ազատություն:
Առճակատման դժվարին օրերը քաղաքացու հետ հաղթահարեցինք հաջողությամբ: Հերթական նախադեպը Գյումրիից. ոչ միայն իշխանություններն են այստեղ պարտվում, այլ նաև հեռուստաընկերություն է հաղթում, քաղաքացին կռիվ է մղում իր ազատությունների համար և հաղթում է…
Գյումրիի բացառիկությամբ հանդերձ, սակայն, գյումրեցու կյանքն ավելի լավը չի դարձել ընտրական տապալված գործընթացներից հետո: Քաղաքական համակարգին ընդգծված դեմ լինելը որևէ կերպ չի տրանսֆորմացվել, չի փոխել կյանքի որակը: Իսկ դա, մեղմ ասած, նորմալ չէ, որովհետև ցանկացած նորմալ երկրում պահանջատեր քաղաքացին ստիպում է երկրի իշխանություններին աշխատել: Մեզ մոտ այլ պրոցես է: Պարբերաբար պարտված իշխանությունները փորձում են նոր մեթոդներ մշակել վերարտադրվելու համար, բայց ոչ երբեք իրականում դասեր քաղել սեփական սխալներից:
Ի՞նչ ունենք այսօր ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում: Վերջին մի քանի տարիները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման, անդառնալիորեն իրենց բացասական հետքը թողեցին Հայաստանի Հանրապետության վրա: Հարյուր հազարավոր մարդիկ անվերադարձ լքեցին Հայաստանը և շարունակում են լքել: Խաղաղ տարիները, որոնք այնքան հազվադեպ են եղել մեր ժողովրդի կյանքում, սրբորեն պետք է ծառայեին երկրի շենացմանը, տնտեսության զարգացմանը, բանակաշինությանը: Հայտնի կլանի այս երկու ներկայացուցիչները, սակայն, ձեռք բերված իշխանությունը ծառայեցրեցին բացառապես հանուն սեփական շահերի սպասարկման և ըստ նպատակահարմարության: Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն ունենալու երազանքը կյանքի կոչելու ամեն մի հնարավորություն վերածվեց խեղկատակության: Նվաստացրեցին ու արժեզրկեցին քաղաքացուն՝ սահմանելով նրա գինը՝ 5000 դրամ՝ երկրից հրաժարվելու կամ գործընթացներին լուռ հետևելու դիմաց, որ շարունակեին կեղեքել ու թալանել, թալանել որտեղից հնարավոր է:
Իսկ նրանց, ովքեր գերադասեցին չլռել, վախեցրեցին մահակով, բռնությամբ, ազատազրկմամբ, Մարտի 1-ով ու արյամբ…
Իշխանությունները՝ ներկա թե նախկին, առանց տարանջատելու միմյանցից, մասնատել են ոչ միայն մեր երկիրը, այլև քաղաքական դաշտն առհասարակ, տարիների ընթացքում նրանց հաջողվել է աղճատել քաղաքական համակարգը, միմյանց մեջ կիսել անգամ ընդդիմադիր դաշտն ու ընդդիմադիր գործիչներին՝ նրանց ևս դարձնելով գործիք իրենց ձեռքում: Գոյություն ունի քոչարյանական ընդդիմություն և սարգսյանական ընդդիմություն, և այս խաղի կանոնները կարծես թե դարձել են ընկալելի ու ընդունելի քաղաքական դաշտի խաղացողների համար: Ցավն այն է, որ խայծը կուլ են տվել գրեթե բոլորը, հարմարվել այն մտքի հետ, որ մեր երկրում հարց լուծողը ոչ թե քաղաքացին է, այլ նրանք են, ովքեր ամեն ինչ կիսել են միմյանց միջև:
Եվ անգամ այն ուժերը, որոնք իսկապես ուզում են ինչ-որ բան անել իրավիճակ փոխելու ուղղությամբ, հայտնի կենտրոնից և նույն ձեռագրով անմիջապես ընդհանրացնում են ներկա կամ նախկին ռեժիմների պարագլուխների հետ:
Ինչո՞ւ, որովհետև գիտեն՝ երկուսի դաշտում խաղալն էլ ենթադրում է տվյալ քաղաքական ուժի վախճան, քաղաքական կենսագրության լիակատար տապալում:
Փոքր երկրում, որի ռեսուրսներն արդեն վաղուց չեն բավականացնում ոհմակի ախորժակը բավարարելու համար, օգնության հասան ահռելի վարկային միջոցները: Իսկ դրանք յուրացնելու համար հարկավոր է դեմոկրատ երևալու նենգություն: Կտրուկ մոտեցումներին փոխարինելու եկան խորամանկ գործողությունները: Որդեգրվեց հետևյալ մարտավարությունը. լրատվամիջոցները ոչ թե փակել, այլ փչացնել դաշտն, աղավաղել, կեղծ ընդդիմադիր լրատվամիջոցներ ստեղծել, վարկաբեկել լրագրողի կերպարը, կաշառել նրան, պատվիրված հոդվածներով հեղեղել լրատվական դաշտը: Պահանջված կադր դարձնել ծախու լրագրողին, արժեզրկել նրա խոսքը, որ այլևս նա հեղինակություն չընկալվի հասարակության կողմից:
Ճիշտ այնպես, ինչպես 11 տարի առաջ էր օրվա հրամայական՝ ստեղծել լրատվամիջոց, վերջին զարգացումներն ուղղակի ազդակ էին, որ լրատվական դաշտում այլևս անելիքը քիչ է: Գործը պետք է շարունակել քաղաքական ասպարեզում: Պետք է կատարել այն առաջադրանքը, որն իրենց առաջ դրել են հեռուստաընկերության ներկայացուցիչները դեռևս 2005 թվականին: ԳԱԼԱ կուսակցությունը ԳԱԼԱ հեռուստաընկերության շարունակությունն է, լրացնողը, հեռուստաընկերության հետ ճանապարհ անցած թիմի գաղափարները կյանքի կոչող գործիքը: Այն, ինչ չհաջողվեց հեռուստաընկերությանը քաղաքական դաշտում, կանի ԳԱԼԱ կուսակցությունը:
Տարիների հեռվից դժվար է գնահատել անցած ճանապարհը, դժվարին ուղին, բարդ է առանձնացնել՝ ինչ տվեց ԳԱԼԱ-ն քաղաքացուն: Այդ մասին արդեն քաղաքացին, գյումրեցին ինքն է ասում՝ իր ակտիվ մասնակցությունն ունենալով կուսակցաշինական աշխատանքներում: Քաղաքացին ինքն է լիազորում մեզ՝ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Գյումրին այն բնակավայրն է, որտեղ որոշումներն ընդհանրական են կայացվում՝ հաղթում է մեծամասնությունն, ըմբոստ գյումրեցին հայտնի կենտրոնի խաղի կանոններին չի ենթարկվում:
Սակայն միայնակ ազատությունն արժեք չի ծնի. լինել ազատ, բայց մենակ, մտածել, զգալ այդպես, բայց անտեսանելի պարիսպների ներսում մեկուսացված: Օրվա հրամայական է՝ Գյումրիի փորձը պետք է տարածել, ընդդիմադիր քաղաքը պետք է ունենա պահանջատեր իշխանություն, գործող ռեժիմին ընդդիմադիր հասարակությունը պետք է կարողանա իշխանություն փոխել:
Բարի երթ ԳԱԼԱ-ին՝ գյումրեցու, ՀՀ քաղաքացու հետ ձեռք ձեռքի տված՝ ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի Հանրապետություն կերտելու խորդուբորդ ճանապարհին:
Արմենուհի Վարդանյան