Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյան | Region

Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 21,2024 10:07

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ.

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն:

Այդ օրվանից մեր երկիրն անցել է բազում փորձությունների միջով՝ պատերազմներ, հազարավոր զոհեր, շրջափակում, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, արտագաղթ, որոնց հետևանքով մենք ավելի առարկայորեն հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր, և այդ հարցին մենք պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա:

Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Անկախության հանրաքվե է: Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր: Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ:

Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է:

Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»։

Նորություններ