Բլինքեն․ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը
Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձում։
«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը», – նշել է Էնթոնի Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ:
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է, արձանագրել է Բլինքենը՝ հավելելով, որ աշխատում են Հայաստանին էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու և նրա բնակչության և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
«Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում ստեղծել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապված, կայուն և անվտանգ»,-ասված է Բլինքենի ուղերձում։
Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է անկախության տոնը։ 33 տարի առաջ, 1991 թվականին, սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հանրաքվեում ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։