Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով:
***
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը:
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»:
***
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։
***
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»։
***
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության՝ Անկախության տոնի առթիվ։
Ձեր ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը, իրականացնելով կարևոր քաղաքական բարեփոխումներ և սոցիալ-տնտեսական վերափոխումներ, մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։
Վստահ եմ, որ Ձեր երկիրը կշարունակի ընթանալ կայուն զարգացման ուղիով՝ իրագործելով բարգավաճ պետություն կառուցելու բարձր նպատակներն ու խնդիրները։ Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ հաստատում եմ ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի ամրապնդման իմ հանձնառությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ գործընկերության ներուժի լիարժեք զարգացումը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։
***
Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։
***
Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի շնորհավորական ուղերձում նշված է.
«Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով:
Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն առավել բարձր մակարդակների՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում»: