ՊԵԿ-ը կոչ է անում մերժել այլ երկրների օդանավակայաններում Հայաստան iPhone 16 տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքը | Region

ՊԵԿ-ը կոչ է անում մերժել այլ երկրների օդանավակայաններում Հայաստան iPhone 16 տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքը

Սեպտեմբեր 23,2024 15:01
Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։
Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում անուղղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ։
Փորձը ցույց է տալիս, որ հանգստի մեկնած քաղաքացիները, որոշ դեպքերում չկարողանալով մերժել այլ երկրների օդանավակայաններում իրենց մոտեցող հայրենակիցների խնդրանքները, իրենց հետ Հայաստանի Հանրապետություն են ներմուծում բջջային հեռախոսներ, այնուհետև փոխանցում իրենց անծանոթ այլ անձանց։
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մաքսային ծառայությունը, նշված հանգամանքով պայմանավորված, իրականացնելու է ուժեղացված մաքսային հսկողություն՝ զարտուղի ճանապարհներով առևտրային նշանակության բջջային հեռախոսների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կանխարգելելու նպատակով։

Նորություններ