Աննշմար 23 միլիոնը եւ «օդում առկախված երկուշաբթին» | Region

Աննշմար 23 միլիոնը եւ «օդում առկախված երկուշաբթին»

Մարտ 18,2023 11:27

3 ամիս է անցել Բաղրամյան 26-ում  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից, որի ժամանակ, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը 23 միլիոն եվրո միջոց ներգրավելու եւ մինչեւ վերջին ցենտը Գյումրու փողոցաշինության եւ լուսավորության համար ծառայեցնելու հայտարարություն արեց: 3 ամիս անց արձանագրելի է, որ որեւէ տեղաշարժ գործընթացում չկա, Սերժ Սարգսյանի՝ նախընտրական ժամանակահատվածում տված խոստման ուղղությամբ դեռեւս աշխատանքներ չկան կատարված:

Ինչպես հայտնի է, ԳԱԼԱ-ի Համակարգող կենտրոնը դեկտեմբերի 6-ին հաջորդած օրերին ձեռնամուխ եղավ հետեւողական աշխատանքի՝ իշխանությունների կողմից տրված խոստումները կյանքի կոչելու համար:

Համակարգող կենտրոնի նախաձեռնող խումբը հարցումներ ուղարկեց ՀՀ կառավարություն, տարածքային կառավարման նախարարություն, տեղական մարզային ու քաղաքային իշխանություններին՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են տարվել հայտնի խորհրդակցությունից հետո, եւ ընդհանրապես ինչ փուլում է գործընթացը: Նաեւ վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին դիմեց Համակարգող կենտրոնը՝ ճշգրտելու համար՝ 23 միլիոն եվրոյի վարկային միջոցների տրամադրման գործընթացն ինչ փուլում է, եւ կոնկրետ երբ է նախատեսվում ծրագրի մեկնարկը:

Շիրակի մարզն ու Գյումրին ներկայացնող պատգամավորներին եւս նամակներ հասցեագրեց ԳԱԼԱ-ի Համակարգող կենտրոնը՝ ճշտելու համար, թե ինչ տեղեկություններ ունեն վերջիններս 23 միլիոն եվրոյի հետ կապված եւ որպես Շիրակն ու Գյումրին ներկայացնող օրենսդիրներ ինչ աշխատանքներ են սկսել այդ ուղղությամբ:

Նախաձեռնած հարց ու պատասխաններից ընդհանուր առմամբ պարզ դարձավ, որ կոնկրետ որեւէ բան չկա, եւ որ ամեն ինչ դեռեւս բանակցությունների փուլում է:

ԳԱԼԱ-ի Համակարգող կենտրոնը շարունակում է  հարցն օրակարգում պահելու համար տարաբնույթ քայլեր մշակել եւ իրականացնել:

Ինչպես նշել էինք, խնդրով Համակարգող կենտրոնը դիմել էր Շիրակի մարզից ու Գյումրիից ընտրված պատգամավորներին, ու քանի որ վերջիններս հետեւողականություն, ինչպես նաեւ  ԱԺ ամբիոնից Գյումրու հարցը բարձրացնելու  պատրաստակամություն չհայտնեցին, Համակարգող կենտրոնը ստիպված եղավ այլ օրենսդիրների միջոցով Գյումրու փողոցների հարցը վեր հանել:

ԱԺ-ի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Գյումրու փողոցների վերակառուցման հարցը բարձրացրել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

ՀԱԿ պատգամավորի հարցադրումից հետո պարզ դարձավ, որ դեռ բանկը ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին որոշում չունի:

Հերմինե Մկրտչյան

Նորություններ