«Ի՞նչ է նշանակում ցեղասպանի հետ առանց նախապայմանների խաղաղություն» | Region

«Ի՞նչ է նշանակում ցեղասպանի հետ առանց նախապայմանների խաղաղություն»

Սեպտեմբեր 27,2024 15:00

Աներևակայելի ցասում կա մարդկանց մոտ Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո: Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Շոկայինը Էրդողանի հետ բուն հանդիպման փաստը չէ. մենք, իհարկե, խաղաղությանը դեմ չենք, բայց ի՞նչ է նշանակում  ցեղասպանի  հետ առանց նախապայմանների խաղաղություն: Գնալ և չհստակեցված օրակարգով Թուրքիայի տանը հանդիպել մի երկրի ղեկավարի, որը քո ցեղասպանության շահառուներից է, որի բայրաքթարների տակ մենք 5000 զոհ ունենք, որը Ադրբեջանի հետ կիսում է բոլոր հանցագործությունների պատասխանատվությունն ու մեզ հետ խոսում ագրեսիվ հռետորաբանությամբ, սա ոչ միայն քաղաքական արժանապատվության զրո մակարդակի մասին է խոսում, այլ նաև՝ մարդկային արժանապատվության:  Սա մեր ազգային-պետական շահի տոտալ ոչնչացման, այդ շահի չգիտակցման մասին է խոսում»,-նշեց ԱԺ պատգամավորը:

Գալստյանը վստահ է՝ օրվա իշխանությունը ուզում է ամեն գնով պահել սեփական աթոռը, պատրաստ է ճանապարհին զոհել հնարավոր ամեն ինչ:

«Նիկոլ Փաշինյանի առաջարկած բովանդակությունը Հայաստանի հատվածական հանձնումն է: Մենք այսօր իրենց բերած «քաղաքական բովանդակության» զոհն ենք, Արցախի կորուստը հենց այդ «բովանդակության» հետևանքն է»,-ընդգծեց Գալստյանը:

 

Նորություններ