9-ամյա աղջնակը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գիտակցության չգալով մահացել է․ծնողներն արդար քննություն են պահանջում՝ ի՞նչ է իրականում կատարվել դպրոցում
Այսօր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։
Լրավամիջոցն ավելի վաղ հայտնել էր՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը Վեդիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարմնական վնասվածքներով, որոնք ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Shamshyan.com-ի հետ զրույցում երեխայի հորաքույրը պատմել էր՝ սեպտեմբերի 19-ին եղբորս 10-ամյա աղջնակը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Եղբորս այնտեղ չեն ասում՝ ինչ է եղել, սուտ ինֆորմացիա են տարածում, բայց երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և գտնվելիս է լինում կոմայի մեջ»։
Հորաքուրը վստահեցրել էր, որ դեպքի մասին ոչ մի հստակ տեղեկություն չէին կարողանում ստանալ․« Մեկն ասում է՝ դպրոցում ընկել ա աստիճանից, մյուսն ասում ա՝ ընկել ա երեխուս ոտքերի տակ, մի խոսքով, ուզում են ծածկադմփոց անեն։ Ասում են դպրոցում տեսախցիկներ կան, բայց չի աշխատում, ուզում ենք հասկանանք՝ ինչո՞ւ հենց հիմա սկսեցին չաշխատել․․․Պահանջում ենք արդար քննություն, որ բացահայտվի թե իրականում ինչ է եղել դպրոցում»։