«Հարկ է համախմբվել, զերծ պահել մեր երկիրը նոր ցնցումներից, կորուստներից, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության»․Վեհափառի պատգամը՝ Մյուռոնօրհնության առիթով
«Սիրելիներ, աշխարհն այսօր կրկին փոթորկված է հակամարտություններով ու հակառակություններով, որոնք խաթարում են ներդաշնակությունը ընտանեկան կյանքում, մարդկային հարաբերություններում և հասարակության մեջ սերմանում թշնամանք ու անհանդուրժողություն, հրահրում պատերազմ, սփռում ավեր ու արհավիրքներ։
Մեր երկիրն ու ժողովուրդը նույնպես գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների և աղետներից ու վշտագին կորուստներից վերհառնումի հրամայականի առջև։ Մենք հավատում ենք, որ աշխարհն անտարբեր չէ ցավի ու բռնության նկատմամբ, հավատում ենք, որ մարդկային սրտերում չեն ցամաքել սերն ու կարեկցանքը, արդարություն ու իրավունքի գերակայություն հաստատելու ձգտումը»,-այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ հղեց Մյուռոնօրհնության արարողության առիթով։
Այսօր Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում Սրբալույս Մյուռոնի օրհնությունն էր ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Իր պատգամում Վեհափառն ասել է․«Մյուռոնօրհնության նվիրական այս արարողությունը պատեհ առիթ ունենալով՝ վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր Եկեղեցիներին, ի դեմս մեզ աղոթակից եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչների, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորությունն ու պատասխանատվությունը մերն է, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները, առավել ամրապնդել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել հայրենիքում մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի վերականգնման՝ մեզ ուղեկից դարձնելով արդարությունը, խիզախությունն ու ազնվությունը։ Այս պայմաններում առ Աստված ապավինությունն ու հույսը խարիսխ և զորություն են՝ մեզ պատուհասած արհավիրքներից վերհառնումի և զորեղ հայրենիքի կերտման։ Արդ, սիրելիներ, թող այս նոր մյուռոնը լինի հույսի և վերհառնումի մյուռոն, լուսաշող վկայություն ազգային ու հայրենական մեր կյանքը վերընձյուղելու վճռականության և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմամբ մեր բարօր գալիքը կառուցելու հաստատակամության»։
Տեսանյութն՝ այստեղ:
Մյուռոնի օրհնությունը կատարվում է 7 տարին մեկ անգամ: Սուրբ Մյուռոնն օրհնվում է Եկեղեցու նվիրական երեք սրբություններով` Ս.Գրիգոր Լուսավորչի աջով, աստվածամուխ Ս.Գեղարդով և Կենաց Խաչով:
Վաղը Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։