Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-իշրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը․Պապոյան | Region

Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-իշրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը․Պապոյան

Սեպտեմբեր 30,2024 14:31

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Երկուստեք կարևորվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի խթանման կազմակերպության միջև մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացումը։

Նախարարը նշել է, որ Հայաստանն էլ իր հերթին է հետաքրքրված Իրանում առևտրի կենտրոն ունենալու հեռանկարով։
Անդրադարձ է կատարվել Իրանական Չաբահար նավահանգստում Հայաստանի մասնակցության հնարավորությանը:
Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը, որը միտված կլինի Հայաստանից ապրանքների արտահանման և ներմուծման նոր ուղիների հաստատմանը։
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ անասնապահության, մեղվաբուծության, թռչնամսի արտադրության ոլորտները:

Կողմերն անդրադարձել են նաև ստանդարտացման, համապատասխանության գնահատման, չափագիտության, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում կողմերի միջև համագործակցության հեռանկարին՝ ոլորտում ունեցած փորձի փոխանակման և կողմերի համար ընդունելի համագործակցության ձևերի կիրառմամբ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ենթակառուցվածքների շիանարարական նախագծերում, բիզնես ոլորտում գործակցության ընդլայնման վերաբերյալ։

Նորություններ