Որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին․ արդարադատության նախարարը հրաժարական տվեց | Region

Որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին․ արդարադատության նախարարը հրաժարական տվեց

Հոկտեմբեր 01,2024 11:14

Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:

Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաև այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց:

Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:

Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք:

Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ  ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար՝ չնշելով, թե որն է պատճառը նման նախաձեռնության։

Նշենք, որ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը, որը այդ պաշտոնին էր նշանակվել սեպտեմբերի 5-ին, հրաժարական տվեց  կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 26-ին, այն բանից հետո, երբ տարածվեց նրա լուսանկարը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռիքն, այդ լուսանկարում նա Քոչարյանի դստեր ու արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ էր։

Գեւորգյանի հրաժարականի վերաբերյալ Գրիգոր Մինասյանը գրել էր․«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:

Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»:

Նորություններ