Փաշինյան․ Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու
Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Փաշինյանին հիշեցրեց, որ Փաշինյանը ժամանակին խոստացել էր ժողովրդի թիկունքում հարց չլուծել եւ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել թերի բանակցված «Խաղաղության համաձայնագիրը»։
Պատգամավորը կոչ արեց՝ գոնե այդ փաստաթղթի՝ արդեն համաձայնեցված 13 հոդվածները ներկայացնել հասարակությանը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց՝ այն բովանդակությունը, որն առաջարկել է իշխանությունը, դա հանրության համար պարզ, հասկանալի եւ բացահայտված է, քանի որ այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել է․«Եթե գաղտնիքի մասին եք խոսում, գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտական կոռեկտության հարց է, որ ես չեմ կարող պահել այդ թուղթն ու ասել՝ այ, առաջին կետում սա է գրած, երկրորդ կետում՝ սա։ Աշխատանքային փաստաթուղթն, որը եթե երկրորդ կողմի հետ աշխատում ես, նշանակում է առնվազն այդ թուղթը երկրորդ շահառու էլ ունի եւ միակողմանի այդպիսի բան անելը կոռեկտ չէ»։
Նա ասաց, որ այդ փաստաթղթում դինանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է խոսք գնում, «Խաղաղության պայմանագրի» իրականացման ընթացքը մոնիտորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի մասին է խոսք գնում, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն եւ տարածքային պահանջներ չունենալու մասին եւ այլն։
««Խաղաղության պայմանագրի» նախագծի մեջ ոչ մի միջազգային դիվանագիտական պարկտիկայից անհայտ որևէ բան չկա»,-ասաց Փաշինյանը։
«Մենք որդեգրել ենք ռազմավարություն և պետք է հետևողական առաջ տանենք խաղաղության օրակարգը։ Ինչ է ասում Ադրբեջանը, ինչ չի ասում․․․ ես չեմ ասում, որ մենք դա պետք է չլսենք, բայց մյուս կողմից չի նշանակում, որ մենք Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը պետք է փոխենք։ Մեր ռազմավարությունները պետք է չփոխվեն»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա նաեւ նշեց՝ Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը․«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այո, ինքն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Եւ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական։ Այդ բոլոր հայտարարությունների նպատակն է՝ մեզ շեղել մեր ռազմավարությունից։ Մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու՝ անկախ նրանից այդ հայտարարությունները կհնչեց Հայաստանի ներսից, թե՝ Հայաստանից դուրս գտնվող ուժերի կողմից»։