Սպառազինության՝ Բաքվի այդ ծավալի գնումները չեն կարող մեզ չանհանգստացնել. ԱԺ պատգամավոր
Սահմանազատման կանոնակարգում գլխավոր վտանգն այն է, որ հնարավորություն է տրված հատվածական սահմանազատում իրականացնելու,-REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանն այս տարիների ընթացքում առաջին պլան է բերել իր առաջնահերթությունները և հասել իր նախընտրելի տարածքում հատվածական սահմանազատմանը: Տրամաբանությունը հուշում է, որ մինչև բոլոր հատվածների շուրջ ամբողջական համաձայնություն չլինի, չպետք է առանձին կտորների շուրջ համաձայնություն լինի, որովհետև այս պայմաններում հնարավոր է, որ Ադրբեջանը լուծի իր համար առաջնահերթ ուղղությունների հարցը, հետագայում իրեն ոչ շահավետ հատվածներում գործընթացը տանի խափանման»,-նշեց Աբրահամյանը:
«Փորձը հուշում է, որ Հայաստանի իշխանության զիջողական քաղաքականությունը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ է բերել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով՝ Բաքվի օրեցօր ավելացող պահանջները հուշում են, որ իշխանությունը տապալել է դիվանագիտությունը:
«Ադրբեջանի իշխանությունը սպառազինության մեծածավալ մատակարարումների, զինված ուժերում ներդրվող խոշոր գումարների և հատկապես դրանում թուրքական ներգործության պայմաններում անընդհատ Հայաստանի հետ խոսում է ուժի լեզվով: Բաքվի այդ ծավալի գնումները չեն կարող մեզ չանհանգստացնել»,-հայտարարեց ԱԺ պատգամավորը: