Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ | Region

Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ

Հոկտեմբեր 04,2024 21:39

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների, Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ:

Ողջունելով աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները և լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու, ՀՀ զինված ուժերի սպա դառնալու հեռանկարի մասին:

Պաշտպանության նախարարն աշակերտներին ներկայացրել է զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ընդգծել զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ էականորեն փոխվում է ապագա սպայի սոցիալական վիճակը, ինչպես նաև լուծվում է բնակարանային ապահովման հարցը:

Սուրեն Պապիկյանը նաև պատասխանել է աշակերտներին ու կուրսանտներին հետաքրքրող հարցերին:

Ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կողմից համակարգվող երկօրյա ճամբարի շրջանակում աշակերտները ծանոթացել են քարտեզագիտությանը, զենքի գործածման անվտանգության կանոններին, զինված ուժերում կիրառվող անօդաչու թռչող սարքերի առանձին նմուշներին, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության միջոցներին և դրանց կիրառման կարգին։ Ճամբարականների համար նաև կազմակերպվել են մրցումներ՝ ռազմամարզական էստաֆետա մրցաձևից։

Նորություններ