«Սահմանադրական դատարա՛ն, բոլորդ պետք է դառնաք հանցակից, Ազգային ժողո՛վ, դուք նույնպես»
Սահմանդրական դատարանը փորձ է արել առաջին անգամ որևէ փաստաթղթով հրաժարվել Արցախից,-REGIONSTV-ի հետ զրույցում, անդրադառնալով Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը: Նրա խոսքով՝ առ այսօր չկար որևէ գրավոր փաստաթուղթ, որտեղ Արցախից հրաժարվելը լիներ արձանագրված:
«Հիմա սկզբունքը հետևյալն է՝ պետք է բոլորս հանցակից լինենք, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ ասի՝ բոլորս հանցակից չենք: Սահմանադրական դատարա՛ն, դուք բոլորդ պետք է դառնաք հանցակից և որոշում կայացնեք, Ազգային ժողո՛վ, դուք նույնպես, որ հետո քննարկման հարց առաջանա, պատասխանատուների քանակն այնքան շատ լինի, որ պատասխանատվությունից խուսափեն»,-նշեց Օրբելյանը:
Նրա խոսքով՝ եզրակացությունը պետք է վերաբերեր կանոնակարգին, մինչդեռ դրա վերաբերյալ վերլուծությունը բացակայում է փաստաթղթում, փոխարենը դրա մեծ մասում խոսք է գնում Հռչակագիր-Սահմանադրություն այսպես կոչված հակասությունների մասին:
«Որևէ վերլուծություն չկա այն մասին, թե արդյոք փոխվարչապետի կողմից ղեկավարվող կառույցը կարող է նման լիազորություն իրականացնել, թե՞՝ ոչ, արդյոք այդտեղ Ազգային ժողովն անելիք ունի, ինչպիսի՞ն է տարբեր սահմանադրական մարմինների իրավունքների, պարտականությունների համակցությունը, ինչպե՞ս են պաշտպանվելու քաղաքացիների իրավունքները»:
«Խնդրահարույց է Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը նաև այն պատճառով, որովհետև ակնհայտ խնդիրներ կան դատարանի անկախության, անաչառության հետ»,-ընդգծեց Օրբելյանը: