«Դոմուսում» հրդեհը 2500-3000 քմ տարածք է գրավել. այրվում է կահույք, տեխնիկա, շինանյութ. Մարդիկ հասցրել են դուրս գալ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Այս պահի դրությամբ տուժածներ չկան, հրդեհի պատճառները հայտնի կլինեն միայն քննությունից հետո։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում «Դոմուս» խանութ սրահի պահեստում բռնկված հրդեհին։
«Այս պահի դրությամբ մեր տեղեկությունն այն է, որ ովքեր եղել են ներսում, բոլորը դուրս են եկել»,– ասաց նա։
Հարցին՝ ինչու չի հաջողվում հրդեհը մարել, նա պատասխանեց. «Հրդեհն այս պահին 2500–3000 քմ տարածքի վրա է։ Փրկարար ծառայություն 17 մարտական հաշվարկ է աշխատում։ Կոոպերատիվ 5 մեքենա, 2 ավտոսանդուղք, քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա եւ դեռ օգնության են հասնումնոր մարտական հաշվարկներ։
Ըստ նախնական տեղեկությունների, պահեստային հատվածից է սկսվել հրդեհը, որը տարածվել է նաեւ խանութի տարածքում։ Այս պահին այրվում է կահույք, տեխնիկա, շինանյութ»։
Նա նշեց, որ այս պահին հրդեհի պատճառների որեւէ վարկած չի քննարկվում, դեռ քննություն չկա։