Երեխաները վախեցել են դպրոցում ԱԱԾ-ի գործողություններից
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների մասին սոցիալական ցանցերում տարբեր կարծիքներ են շրջանառվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի աշխատակիցներից մեկին ԱԱԾ-ն ձերբակալել է անառակաբարո արարք կատարելու համար։
Բանն այն է, որ ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել։ Այս ամենը կատարվել է երեխաների աչքի առաջ։
Աշակերտների ծնողները դժգոհում են, որ երեխաներն ականատես լինելով ԱԱԾ-ի գործողություններին, վախեցել են, կարծել են, թե ահաբեկիչներ կան դպրոցում։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ անդրադարձել է այս խնդրին։ Նա սոցիալական ցանցում գրել է՝ Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախչել-թաքնվել։ Մի խոսքով՝ «ԿԱՇՄԱՌ»: Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու՝ ձե՛ր էրեխեքին են լեղապատառ անելու։ Հ.Գ. Բուն «հանցանքի» մանրամասներին տեղյակ չեմ, բայց դրանք բնավ էական չեն։ Ամեն ինչին ձև կա։
ԿԳՄՍ նախարարությունն էլ երեխաների ներկայությամբ իրավապահների այս գործողությունները մտահոգիչ է համարել։