Պուտինի ստորագրած հրամանագրով Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի ՌԴ-ում կարող են մնալ և աշխատել 90 օրից ավելի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ընդլայնման մասին։ Ըստ հրամանագրի՝ Վրաստանի քաղաքացիները, ովքեր ժամանում են ՌԴ ժամանակավորապես՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ կրթություն ստանալու նպատակով, կարող են այդ երկրում մնալ և աշխատել առանց վիզայի ավելի քան 90 օր։ Նախկինում այդ նպատակով ժամանող Վրաստանի քաղաքացիները պիտի վիզա ստանային:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 10-ից:
«ՌԴ նախագահի՝ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին հրամանագիրը կապված է երկու երկրների միջև մարդասիրական հարաբերությունների պահպանման հետ»,-Tass-ի փոխանցմամբ պարզաբանել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ միջազգային հարաբերությունները մի բան են, իսկ մարդասիրական հարաբերությունները, երբ խոսքը երկու երկրների ժողովուրդների միջև երկխոսության մասին է, մեկ այլ բան է․«Այսպիսի երկխոսությունները չի ընդհատվել։ Ռուսաստանում վրացական համայնքը բավականին մեծ էմեր զբոսաշրջիկները մեկնում են Վրաստան, սա նորմալ գործընթաց է»։
Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ մեկնելու վիզային ռեժիմը սահմանվել է 2000 թվականին, այն չեղարկվել է 2023-ին։
Նկատենք, որ սրան նախորդել էր Վրաստանի խորհրդարանի ընդունած աղմկահարույց օրինագիծը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որը ստացել է «Օտարերկրյա գործակալների մասին» անունը։ Այս օրենքն արդեն ուժի մեջ է։ Ըստ այս օրենքի՝ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ն արտերկրից է։
Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն, հակառակ դեպքում 10 հազար դոլարին համարժեք տուգանք է սահմանվում։ Ի դեպ, այս օրինագիծը դատապարտել են ԵՄ-ն և ԱՄՆ-ն։
Նկատենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը Վրաստանի ընդդիմադիրները մեղադրում են ռուսամետ քաղաքականություն է վարելու համար։
Իշխողանությունն իր հերթին բարելավում է հարաբերությունները ՌԴ-ի հետ։