Եթե Արցախում ​​լինեին միջազգային խաղաղապահներ, ապա չէր լինի արցախցիների բռնի տեղահանում | Region

Եթե Արցախում ​​լինեին միջազգային խաղաղապահներ, ապա չէր լինի արցախցիների բռնի տեղահանում

Հոկտեմբեր 11,2024 11:01

Օրերս Ադրբեջանի նախագահը հերթական ռազմական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ասելով՝ Հայաստանը ներքաշվել է վտանգավոր խաղերի մեջ․«Մի կողմից խոսում են խաղաղության մասին, մյուս կողմից ձեռք են բերում խոշոր տրամաչափի զենքեր։ Նրանք չպետք է մոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը. Թող չմոռանան հակաահաբեկչական գործողության մասին»։

Սրանով Ալիևը խոստովանել է, որ ագրեսիվ պատերազմ է մղել Հայաստանի և Արցախի դեմ, նա դրանով Հայաստանին սպառնացել է նոր պատերազմով։ REGIONSTV-ի հետ հարցազրույցում Ալիևի հայտարարությունների մասին այսպիսի կարծիք է հայտնում   «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, փիլիսոփայության թեկնածու, դոցենտ Ղարիբ Բաբայանը։

Մեզ հետ զրույցում Բաբայանը նշում է՝ Ադրբեջանը չորս անգամ հարձակվել է հայկական Արցախի վրա. առաջին անգամ՝ 1991-94-ին, երկրորդ անգամ՝ 2016 թվականի ապրիլին,   երրորդ անգամ՝ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, չորրորդ անգամ՝2023-ի սեպտեմբերի 19-20-ին։

Բաբայանի խոսքով՝ հայկական Արցախը, ինչպես ողջ հայ ժողովուրդը, Ադրբեջանի ֆաշիստական ​​ռեժիմի չորս պատերազմ է տեսել, ու բնականաբար, Ալիևին ու նրա վարչակարգին ձեռնտու է իրենց վրայից գցել հայկական Արցախի դեմ ապրիլյան  պատերազմի պատասխանատվությունը, երբ մեր քաջարի բանակը արժանի ուժեղ հակահարված տվեց․«Ալիևը շատ լավ գիտի, որ հայ մարտիկը կռվել գիտի, և որ ժամանակը կգա պատասխան է տալու հայ ժողովրդի դեմ կատարած բոլոր հանցագործությունների համար։ Իսկ այսպես կոչված «հակաահաբեկչական օպերացիան» ոչ այլ ինչ է, քան դավաճանություն և Արցախի վաճառք, այլ ոչ թե հաղթանակ։ Ահա  թե ինչու Ալիևը չի կարողանում բավարարել իր էգոն, քանի որ նա լավ գիտի, որ նա չէ, որ հաղթել է արցախահայությանը»։

Ադրբեջանում, ինչպես ասում է Բաբայանը, շատ լավ հասկանում են, որ 44-օրյա պատերազմում հաղթել են Թուրքիայի շնորհիվ, թեև դրանում նրանց մեծապես օգնել են  նաև Իսրայելը, Պակիստանը և Մերձավոր Արևելքից թուրքերի կողմից բերված իսլամիստ արմատականները։

«Եւ որպեսզի այս մասին չմոռանան Ադրբեջանի իշխանությունները, վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ հիշեցրել  է՝ Թուրքիան է գրավել Ղարաբաղը և տվել այն Ադրբեջանին։ Էրդողանը նրանց հասկացրել է, թե ով է շեֆը թյուրքական աշխարհում։ Մինչ այժմ Ալիևը չի կարողանում զգալ հաղթանակի այն բերկրանքը, որն ապրում են իրական հաղթողները արժանի ճակատամարտից  ու վաստակած  հաղթանակից հետո։ Հակառակը, նա պարբերաբար ցույց է տալիս իր ակնհայտ թերարժեքությունն ու բարդույթները։ Սակայն նա «վախեցնում է» ոչ թե հայ ժողովրդին, դա իր ուժերից վեր է, այլ մեր իշխանության վախկոտներին. Ալիևի այս բոլոր հարձակումներն   ուղղված են նրանց»,- կարծում է վերլուծաբանը։

Վերջերս Իլհամ Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին անշնորհակալ լինելու և անօրինական պատժամիջոցներ կիրառելու համար, նա ասել է, որ ԱՄՆ-ը շահարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները։ Այս առնչությամբ Բաբայանն ասում է․«Ալիևի հռետորաբանության մեջ Ամերիկայի վրա հարձակումները չպետք է լուրջ ընդունել, սա ներքին լսարանի համար է։ Իրականում Ալիեւն ու նախարարներն ու օգնականները սարսափելի վախենում են ԱՄՆ պատժամիջոցներից։ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններում ոչինչ չի փոխվի։   Ալիևն ու նրա թիմը կանեն այն ամենը, ինչ կասեն ԱՄՆ-ում։ Նրանք բոլորը տիրապետում են հսկայական գումարների, որոնք կողոպտվել են ադրբեջանական ժողովրդից, դրանք գտնվում են տարբեր արևմտյան բանկերում և ներդրված են Արևմուտքում գնված անշարժ գույքի մեջ։ Հետևաբար, նրանք բոլորը գտնվում են լուրջ վերահսկողության տակ և անհրաժեշտ պահին  պատասխանատվության կենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից։ Ընդ որում, Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ Ռուսաստանում խոշոր բիզնեսներ ունեն»։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն էլ միացել են Ալիևի հակաամերիկյան հայտարարություններին։ «Ադրբեջանցի պատգամավորների անհամարժեք արձագանքը զարմանալի չէր, և նույնիսկ կանխատեսելի էր։ Նրանք   որոշեցին այլեւս չհամագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և սառեցնել բոլոր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Այս ամենը տեղի է ունենում, քանի որ նրանք վրդովված են, թե ինչու է ԱՄՆ-ն աջակցում այդ ատելի հայերին: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխըը։ Սա է նրանց պահվածքի հիմնական դրդապատճառը, թե՝ ինչպե՞ս կարող է պատահել, չէ որ մենք ամերիկացիներին համարում ենք եղբայրներ, նրանք համագործակցում են մեզ հետ, փող են տալիս, օգնում են մեզ ամեն ինչում, եւ ահա նրանց կոնգրեսականները հանդես են գալիս ընդդեմ Ադրբեջա՞նի, սատարում են մեր թշնամի հայերի՞ն։ Եւ, իհարկե, արևելյան ստրկամիտ հոգեբանությունը՝ չէ՞ որ հենց նախագահ Ալիևը հանդես եկավ ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի քաղաքականության քննադատությամբ, պետք է շտապ ինչ-որ բան հայտարարել նրա հետ ներդաշնակ, դատապարտել, որպեսզի Ալիևը նկատի և գնահատի իր հավատարիմ ծառաներին»:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե «Հայաստանը պետք է հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին», Ղարիբ Բաբայանը նշում է, որ Հաջիևն ինքը հանցագործ է՝ իր խղճին է բռնի տեղահանված 150 հազար  արցախցի, նրանց մեջ ոչ միայն հայեր են, այլ նաև Արցախի Հանրապետության այլազգի քաղաքացիներ՝ ռուսներ, հույներ, վրացիներ, հրեաներ և այլք։ Ադրբեջանի նախագահը  ֆաշիստ է և  հայատյաց, ինքը՝ Հաջիևը, նույնպես մոլի հայատյաց և ֆաշիստ է։ Ինչ վերաբերում է պատերազմական հանցագործների արդարադատությանը և պատժին, ապա հենց Ադրբեջանն է, որ պետք է իր զինվորներին ու սպաներին հայտարարի  ռազմական հանցագործներ, որոնք սպանել են խաղաղ բնակիչներին։ Հենց նրանք են առանց դատի գնդակահարել հայ ռազմագերիներին ու գլխատել ծերերին՝ դրանով իսկ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը։ Ադրբեջանն է, որ պետք է պատժի այս բոլոր պատերազմական հանցագործներին։ Հայերը պաշտպանել են  իրենց հայրենիքը, իրենց ընտանիքները, իրենց տները, սա է տարբերությունը հայերի և թուրք-ադրբեջանցիների, որոնք մեզ վրա հարձակվեցին Մերձավոր Արևելքից բերած արմատական ​​իսլամիստների հետ։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն պետությունն է, որը  քնած հայ սպային սպանող Ռամիլ Սաֆարովին դարձրել է ազգային հերոս և օրինակելի կերպար իր երիտասարդ սերունդների համար»։

Բաբայանը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԴԾ (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի՝ «ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ» հայտարարությունը։ Ղարիբ Բաբայանն ասում է՝ հայկական Արցախի վաճառքից և հանձնումից հետո շատ գաղտնիքներ բացահայտվեցին․«Իսկ ФСБ-ի տնօրենին միայն մի բան կարելի է խորհուրդ տալ՝ ավելի լավ է Ռուսաստանի շահերը ծախող ու դավաճանող ձեր պատասխանատու պաշտոնի աշխատակիցների հարցերը լուծեք։ Մենք Արցախում տեսել ու զգացել ենք այս ամենը։ Եթե Արցախում ​​լինեին միջազգային խաղաղապահներ, ապա չէր լինի արցախցիների բռնի տեղահանում իրենց տներից, իսկ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմա Բաքվի բանտում էին լինի։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ձեր ФСБ-ի աշխատակիցները համբուրվում Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության գործընկերների հետ Իվանյան գյուղում։ Արցախցիներն ամեն ինչ իրենց աչքով են տեսել։ Մենք կարդացել ենք ձեր գործընկերների հայտարարություններն այն մասին, թե որքանով մտահոգված են, որ Հայաստանում եվրոպացի դիտորդները հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ՝ հեռադիտակով։ Եւ սա 21-րդ դարում, լո՞ւրջ եք ասում։ Ուղղակի պարզ չէ, թե որ հիմարների համար է աշխատում ձեր տեղեկատվությունը»,- եզրափակելով ասաց Ղարիբ Բաբայանը։

 Զաբելա Ավագյան

Նորություններ