Մխիթարյան Միաբանության հոգևոր հայրերը խոսել են հայապահպանության դերի, խնդիրների մասին
Հոկտեմբեր 16,2024 22:29
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը և Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը 2024թ. հոկտեմբերի 13-ին այցելել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, մասնակցել Սուրբ պատարագին, ինչպես նաև առանձնազրույց ունեցել Մխիթարյան Միաբանության Հայրերի հետ: Հայտնում են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանը մեծապես կարևորել է Մխիթարյան Միաբանության բացառիկ դերն ու նշանակությունը հայապահպանության, հայոց լեզվի, գրականության և հայ մշակույթի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում հոգևոր Հայրերը ներկայացրել են իրենց գործունեությունը, առաջիկա ծրագրերը և խնդիրները: Երկուստեք կարևորվել է դեսպանության և Միաբանության համագործակցության անհրաժեշտությունը համատեղ միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև խնդիրների հասցեագրման շուրջ։