«8 րոպեում Երևան հասնող ՆԱՏՕ-ի միակ բանակը թուրքական բանակն է». թուրքագետ
«Թուրքիան և Ադրբեջանն ուզում են առավելագույնը պոկել Հայաստանից, քանի դեռ ունեն այդ հնարավորությունը, անդրադառնալով այս փուլում Անկարայի ակտիվությանը, REGIONSTV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
«Թուրքի հետ պետք է խոսել ուժի դիրքից, որովհետև եթե մեկ բան զիջես, երկրորդն է ուզելու: Եթե մենք Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ բավարարենք, դրանից հետո ստիպված ենք լինելու լսել ու բավարարել Թուրքիայի պահանջները»,- նշեց թուրքագետը:
Ըստ Լոքմագյոզյանի՝ կարևոր է առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունների մասին խոսել, մինչդեռ այս դեպքում այդ մասին խոսք չկա. «Քանի դու դիվանագիտական հարաբերություններ չունես, սահմաններ բացել-փակելը, նույնիսկ առևտուր անելը ոչինչ չի տա»:
Թուրքագետի խոսքով՝ Բաքվին ու Անկարային այս փուլում խաղաղության պայմանագիրը չի հետաքրքրում, այն պետք է հավաքական Արևմուտքին, որն էլ Հայաստանի միջոցով է փորձում հասնել իր նպատակներին:
«Ինչ-որ խմբեր մեզ համոզում են, որ հենց ռուսներին դուրս հանենք, 8 րոպեում ՆԱՏՕ-ի բանակն այստեղ է լինելու. այո՛, մեզ չեն խաբում, բայց 8 րոպեում Երևան հասնող ՆԱՏՕ-ի միակ բանակը թուրքական բանակն է»,- ընդգծեց Լոքմագյոզյանը: